
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Քննչական կոմիտեն մոտ 10 օր առաջ հաղորդել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է քննվում այն մաիսն, որ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արտեմ Դոռունցը սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ. Ղ.-ին, հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացումը»։ Դոռունցի նկատմամբ հարուցվել է հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 210-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն... հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում:
«Օրենքով գող» 53-ամյա Արտեմ Դոռունցը բնակվում է Գորիսում: Մենք տեղեկացանք, որ մի քանի օր առաջ իրավապահները ներխուժել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց եւ աշակերտների աչքի առաջ բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Դոռունցի դստերը՝ Մերի Դոռունցին։ Այս դեպքը շոկ է առաջացրել դպրոցում եւ անհանգստություն թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում։ Մեր աղբյուրը նշեց, որ այս օպերացիան իրականացնելիս որոշակի դերակատարում է ունեցել դպրոցի ՔՊ-ական ուսուցիչներից մեկը` Կառլեն Ներսիսյանը: Ենթադրում ենք, որ դստերը բերման են ենթարկել, որպեսզի իմանան հոր գտնվելու վայրը:
Մենք կապվեցինք Գորիսի Բակունցի անվան դպրոց: Մեզ հետ զրույցում երեխայի ուսուցիչներից մեկը` Լուսինե Մանուչարյանը հայտնեց․ «Մերի Դոռունցը իմ աշակերտն է, տարել են երեխային, բաց կարճ ժամանակ հետո բաց են թողել։ 10-րդ դասարանը այս տարի ավարտեց երեխան»։ Մանուչարյանը նշեց, որ այլ մանրամասների ինքը չի տիրապետում։ Սա երեխայի իրավունքների խայտառակ ոտնահարում է եւ պատահական չէր, որ ոստիկանությունից հերքեցին Մերի Դոռունցին բերման ենթարկելու փաստը:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դեպքին նշեց, որ այս դեպքում խախտվել են երեխայի իրավունքները. «Անչափահաս երեխային բերման ենթարկելու կամ ձերբակալելու համար պետք է ծնողի ներկայությունը, կամ ուսուցչի, հոգեբանի։ Ընդ որում, միայն ներկայությունը բավարար չէ, երեխային պետք է ուղեկցեն ոստիկանություն, ոչ թե նրանց ներկայությամբ ձերբակալեն։ Եթե ծնողը ներկա չէ անմիջապես պետք է տեղյակ պահեն ծնողին, որ նման գործողություններ են իրականացվում, իսկ երեխային հարցաքննել կարող են միայն օրինական ներկայացուցչի ներկայությամբ»։


