«Անցեք հաջորդին»,-այսպես է արձագանքել սիրված երգիչ Արթուր Իսպիրյանը լուրին, ըստ որի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը:
Արթուր Իսպիրյանն առաջինն է, ով ահազանգել էր Ազատության հրապարակին հարակից տարածքում ապօրինի շինարարությանը` ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրելով. «սիրելի երևանցիներ, նորից լկտիաբար, ստորաբար, թշնամաբար այլանդակում են մեր քաղաքը...»
Նշենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով, կազմվել է արձանագրություն. հանձնարարվել է նաև նշված տարածքը բերել նախկին տեսքի: