Պարզորոշ է՝ անդաստիարակությունը, ցինիզմն ու փաստերը գլխիվայր շուռ տալու արվեստն ընկած է Նիկոլի իշխանության հիմքում, ավելին, այդ իշխանության գոյության ուղղակի նախապայմանն է, և այս աքսիոմատիկ ճշմարտությունը չեմ էլ ցանկանում քննարկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը:
«Մեր փիլիսոփայության դասախոսներից մեկն իր դասախոսություններից մեկում մի շատախոս, ինքնահավան ու անգրագետ ուսանողի մի անգամ ասաց՝ քո չիմացությունների սահմանագիծն այնքան մեծ է, որ դու արդեն չգիտես էլ, թե որքան բան կա, որոնք դու չգիտես, արդյունքում՝ քեզ թվում է, թե դու ամեն ինչ գիտես, որն էլ քո այդ ամբարտավան պահվածքի հիմքում է։
Նիկոլածին պատգամավոր Վաղարշակ Հակոբյան. մի մեծամիտ ու ամբարտավան «գործիչ», ում քաղաքական և ընդհանրապես կենսագրության մեջ նշված է, ուշադրություն, սփյուռքի նախարարի օգնական՝ ընդամենը մի քանի ամիս և... ընտրվել է պատգամավոր։
Այսքանը։ Վերջ։
Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ կյանքում զենքի երես չտեսած, բանակում չծառայած ու Արցախի տեղը հավանաբար վերջերս իմացած այս «գործիչը» ԱԺ ամբիոնից երկար ֊ բարակ դասեր էր տալիս Շուշին ազատագրող և հայոց նորանկախ հանրապետությունների բանակաշինության հիմքերում գտնվող գեներալ Սեյրան Օհանյանին՝ տարբեր տեսակի հորդորների տարափ տեղալով նրա ուղղությամբ։ Բայց դա դեռ սկիզբն էր։
Պարզվում է՝ սույն սուբյեկտը ամբարտավանությունից զատ նաև մարտնչող ցինիզմի մեջ է փայլում և, ոչ ավել, ոչ պակաս, ողջ կյանքում ձախողակ ու «քաղաքական դիակ» է համարում Վազգեն Մանուկյանին։
Այո, մի զարմացեք, մարդ, ով քայլիստների հետ շփվելու հանգամանքների բերմամբ մի քանի ամիս սփյուռքի նախարարի խորհրդական է «դասավորվել», իսկ հետո երկու տարի պատգամավորական կոճակը սեղմելով, իսկ վերջին փուլում էլ՝ թիվ մեկ հողատուին պաշտպանելով, հարկատուներից ռոճիկ է ստացել և ճոխ պարգևավճարներ, հավակնում է ոտք մեկնել հայ քաղաքական մտքի ու դաշտի հսկաներից մեկի հետ։
Մարդ, ում իշխանությունը պետությունը տանում է կազմալուծման, ամենացինիկ կերպով վիրավորում է այդ նույն հանրապետության կազմավորման և կայացման հիմքերում գտնվող գործչին։
Մարդը ձախողակ է համարում ՀՀ պաշտպանության նախարար և ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար Վազգեն Մանուկյանին, ում օրոք ազատագարվել են, ուշադրություն, Քարվաճառի, Մարտակերտի, Ակնայի (Աղդամի), Սանասարի (Կուբաթլիի) շրջանները։ Ավելին, ինչպես գիտեք, ճակատագրի բերմամբ հենց Վաղարշակ Հակոբյանի «հաջողակների» խունտան մի քանի օրում առանց կրակոցի հանձնեց այդ նույն շրջանները, իսկ Մարտակերտի շրջանում ստեղծեց կեցության ամենածանրագույն պայմանները՝ շրջանի հետ Ստեփանակերտի ճանապարհը երկարացնելով մի քանի անգամ, վտանգելով շրջանի ազգաբնակչության կյանքը և այլն։
Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ով ողջ կյանքում չի պարտվել, տարել է և' ռազմական, և' քաղաքական հաղթանակներ, ով հաղթել է 1996 թ. նախագահական ընտրություններում, և որը նրա ձեռքից խլել է հենց Վաղարշակ Հակոբյանի քաղաքական հոր՝ Նիկոլի հոգևոր հայրը՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը։
Մարդը ձախողակ է համարում մի գործչի, ում գործունեությունն ընկած է նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակաշինության հիմքերում, և, որի աչքի առաջ այսօր Վաղարշակ Հակոբյանի խունտան ոչնչացնում է բանակը՝ սահմանների պաշտպանության գործը հանձնելով ռուսական զորամիավորներին։
Այսքանից հետո՝ վաղարշակհակոբյանիկները հաջողակ են, իսկ Վազգեն Մանուկյանը՝ ձախողակ։ Տեր, ողորմեա սրանց...
Պարզորոշ է՝ անդաստիարակությունը, ցինիզմն ու փաստերը գլխիվայր շուռ տալու արվեստն ընկած է Նիկոլի իշխանության հիմքում, ավելին, այդ իշխանության գոյության ուղղակի նախապայմանն է, և այս աքսիոմատիկ ճշմարտությունը չեմ էլ ցանկանում քննարկել։
Ինձ ուրիշ հարց է հետաքրքրում՝ հայոց պետականությունը մինչև որքա՞ն է ի զորու դիմակայելու այսպիսի անդաստիարակությամբ պայմանավորված անկմանը»,- գրել է Սարգսյանը։