Մեջբերելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառուցելու ցեղասպանության իրական հիմքեր և պետք է հստակեցվի ցեղասպանության ենթարկվածների անվանացանկը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանին․ իսկ ո՞րն է այդ ամենի նպատակը․ «Նպատակն այն է, որպեսզի ունենանք մեր միլիոնուկես հայրենակիցների հասցեները, տեղերը, կարող է զոհերի թիվը միլիոնուկեսից շատ է, կամ՝ քիչ, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Դա մեզ է պետք, մինչև մեր անկախ պետություն ունենալը այդ գործը պետք է աներ եկեղեցին, սփյուռքի կառույցները և եթե չի արվել՝ պետք է այդ խնդիրն ունենա սկիզբ ու ավարտ, որպեսզի հակառակ կողմը չկարողանա ասի, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է Քոչարյանը:
Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը խոսել է իր ասածի վերաբերյալ «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի արձագանքի մասին, նշելով, թե հասկացել է, որ իրեն հարց տվող լրագրողը հետևել է վերջինիս եթերը։
***
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրև թե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը և այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար:
Առերևույթ կարող է թվալ, թե սա կարևոր նախաձեռնություն է: Եվ գուցե իսկապես կարևոր է, եթե այդ նախաձեռնության մասին չբարձրաձայնվի ոչինչ, բացարձակապես ոչինչ, իսկ այն շատ շատ ներքին կարգով պարզապես հանձնարարվի ԳԱԱ որևէ կառույցի, թեկուզ Ցեղասպանության թանգարան ինստիտուտին, որպես գիտական, ոչ թե պետական աշխատանքի առարկա:
Երբ այդ աշխատանքը բարձրաձայնվում է, այն էլ պետականորեն, ապա դրանով ստեղծվում է մի «փաստարկի» հիմք, թե՝ ցեղասպանության զոհերի թիվը այնքան է, որքան կա անուն:
Բոլորն են թերևս պատկերացնում, թե անուն առ անուն 1,5 միլիոն մարդու պատմություն վերականգնելը, ավելի քան հարյուր տարի անց, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների և իրողությունների, նաև Հայաստան պետության ինքնուրույն կարողությունների սահմանափակվածության պարագայում՝ երբ արխիվների գերակշռող մասը թերևս այլ պետություններում են, ինչ ահռելի գործ է: Եվ թերևս դժվար չէ պատկերացնել, թե անգամ իրադարձությունների ամենաբարենպաստ դասավորության պայմաններում ինչ հսկայական ժամանակ է պահանջելու այդ գործը, կրկնեմ, եթե ինչ որ իդեալական դասավորության պայմաններում հնարավոր լինի տեսականորեն ավարտել այն երբևէ:
Իսկ մինչ այդ, հիանալի և արագ կառուցվող «գործնական փաստարկ» է ստանալու Թուրքիան:
Եվ մնում է միայն տարակուսել, որ այդ փաստարկի «նախերգանքը» հնչում է ցեղասպանության տարելիցից տասն օր առաջ»:
***
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել են այն հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանը խոստացված ժամկետում կրկին չգնաց Տավուշ։ «Քննարկումները ըստ զարգացումների շարունակվելու են, մի ֆիքսվեք, թե քանի օրից պետք է հանդիպեին՝ 10, թե 15, խոսքը գնացել է պրոցեսներին զուգահեռ մեր հայրենակիցների հետ խոսակցությունների մասին, չի կարող լինել մի իրավիճակ, որ մենք առաջ շարժվենք՝ առանց մարդկանց հետ խոսելու, ստվերային գործընթացներ չկան»,-նշել է Հովհաննիսյանը։ «Փաշինյանը 10 օրից կգնա, թե 15, խնդիր չի, ժամկետները կարող են խախտվել, վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից։ Երևի պետք է Ղազախստանի նախագահին ասեր՝ սպասի, ես մի հատ գնամ Տավուշ գամ, ո՛չ, պետք է հարգենք պետական պաշտոնյաների աշխատանքային օրակարգերը և պարտադիր չէ՝ Փաշինյանը գնա, շատ այլ պաշտոնյաներ կան»,- ասել է Քոչարյանը։
|
|