Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել: Մահացել է Ձորակապ համայնքի 62-ամյա բնակիչ: ՀԺ-ն է գրում և նշում, որ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասել է, որ տղամարդը երբեւէ արտերկրում չի եղել, գյուղում էլ հնարավոր վարակակիրների հետ շփումներ չի ունեցել:

«Բավականին աշխույժ տղամարդ էր, գյուղում իր բիզնեսն էր ծավալում: Գյուղատնտեսական ապրանքների առևտրով էր զբաղվում, ավտոմասեր էր վաճառում: Կյանքով լեցուն մարդ էր: Բոլորիս համար էլ անսպասելի էր ու զարմանալի, որ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, ու հիվանդությունը սուր ընթացք ունեցավ, այսօր էլ մահացավ»,- ասել է Արտակ Գևորգյանը:
Ըստ համայնքապետի՝ ձորակապցի տղամարդը հոսպիտալացվել էր մոտ քսան օր առաջ: Կորոնավիրուսի հաստատումից հետո նրա մոտ սրտի հետ կապված խնդիր էր առաջացել: Հենց Երևանում էլ տղամարդուն ստենտավորել էին:
«Ստենտավորումից հետո գրեթե ութ օր ապրեց, բայց, ցավոք, մահն է արձանագրվել: Բոլորս ցավում ենք»,- ասել է Գևորգյանը:
Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ապրիլի վեցին. մահացել է մարալիկցի որսորդը: Երկրորդ դեպքը գրանցվել է երեկ՝ ապրիլի քսանին: Դեպքը գրանցվել է Մարալիկում, սակայն 90-ամյա ծերունին հուղարկավորվել է Սառնաղբյուրում, քանի որ եղել է Սառնաղբյուրի բնակիչ: «Նա Մարալիկում աղջկա տանն էր, հիվանդ էր, աղջիկն էր խնամում: Հենց Մարալիկում էլ մահացավ»,- տեղեկացրել է համայնքապետը:
Ձորակապի այսօր մահացած բնակիչը կորոնավիրուսից մահացած երրորդ մարդն էր Անի խոշորացված համայքնում: Տղամարդը կհուղարկավորվի՝ գործող կարգի համաձայն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


