▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում ես գոհ եմ այս պրոցեսից. Փաշինյան

Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր այն պնդումը, որ Հայաստանում լրատվամիջոցներն այսօր առավել ազատ են, քան երբևէ։

Նրա խոսքով՝ օտարերկրյա այցերից վերադառնալիս միշտ զրուցում է պատվիրակությանն ուղեկցող լրագրողների հետ և իրենցից հետաքրքրվում՝ արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում որևէ կերպ սահմանափակվում է։

«Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել։ Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատալության խոսքի զոհ են դառնում լրագրողներն ու լրատվամիջոցները, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունն ու ես անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, և, իհարկե, համաձայն եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



Նա նաև անդրադարձավ լրատվամիջոցների դեմ հարձակումներին կամ դրանց գործունեությունը խոչընդոտելու դեպքերին.

«Ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել և ընթանում է քննություն։ Ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Հնչում են կարծիքներ, որ, գուցե, այդպիսի հարձակումներն ուղորդվում են, կամ, առավել ևս, կազմակերպվում են իշխանությունների կողմից։ Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել և բացառվում է։ Ուղղակի չի կարող լինել նման բան», - ասաց վարչապետը՝ շարունակելով. 

«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին, անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել, կեղծ լուրերի տեսքով, բայց վերջնական արդյունքում ես ասեմ, որ շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության, իշխանության ներկայացուցիչների համար խոսել հարցերի մասին, որոնց մասին սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Դա, ի վերջո, օգնում է, որպեսզի մենք հասնենք հարյուր տոկոս թափանցիկության», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին