Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել Սյունիքի մարզից
Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Գևորգյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ:
Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը:
Էդգարի ընտանիքը Երևանում է ապրել, 2022-ին Էդգարի մայրը` Արսինե Սահակյանը որոշել է գյուղ տեղափոխվել: Սկզբում Նժդեհ գյուղն էր ընտրել, բայց տուն գնել հաջողվեց Բնունիսում:
Տեղափոխվել է Բնունիս ու որոշել բիզնես սկսել` հյուրատուն հիմնել:
Արսինե Սահակյանը Աննա Հակոբյանին իր ծրագրերն է ներկայացրել: Որոշել է գյուղի կյանքը ակտիվացնել: Հյուրատունը դեռ կիսատ է կառուցած, բայց նախորդ տարվանից արդեն 300-ից ավելի հյուր է եկել Բնունիս, գիշերել են և´ Էդգարի, և´ գյուղի մյուս բնակիչների տանը: Արսինեն պատմել է, որ նման գործունեություն ծավալելը եղել է իր և որդու` Էդգարի երազանքը:
Արսինեն Բնունիսում հոր հետ է ապրում, հյուրատան կառուցումից զատ մշակում են նաև հարակից հողակտորը:
Տանը նաև փոքրիկ կարի արհեստանոց ունեն, էկոպայուսակներ են կարում, իսկ նկարազարդումները գյուղի երեխաներն են անում: Աշխատանքներում ներգրավել է նաև գյուղի կանանց: Որոշել է նաև կարպետագործության փոքրիկ անկյուն ստեղծել:
Արսինե Մարգարյանը Աննա Հակոբյանին պատմել է նաև գյուղում արվեստի դպրոց հիմնելու իր նախաձեռնության մասին: Արսինեն վստահ է, որ արվեստի դպրոցի հիմնումից հետո գյուղի երեխաները զբաղվածություն կունենան ու կմնան հայրենի գյուղում:
Աննա Հակոբյանը բարձր է գնահատել Արսինե Մարգարյանի աշխատանքը, առաջարկել հերթով նախաձեռնությունները կյանքի կոչել` նախ հյուրատունը ամբողջությամբ կառուցել, հետո կենտրոնանալ արդեն արվեստի դպրոցի վրա: Արսինե Մարգարյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ արվեստի դպրոցի նորոգման համար արդեն ֆինանսավորող է գտել, թղթաբանությունը երբ ավարտեն, բարերարը գումարը կփոխանցի:
Վարչապետի տիկինը շրջել է Էդգարի տանը, ծանոթացել պայմաններին: Հույս հայտնել, որ շուտով հյուրատունը ամբողջապես պատրաստ կլինի և հյուրեր կընդունի ամբողջ երկրից ու նաև արտասահմանից:
Հաջորդ կանգառը բնունիսցի Գևորգ Բաբաջանյանի տանն Էր: Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը Աննա Հակոբյանին ուղեկցել է տուն, դրվագներ պատմել Գևորգի կյանքից ու զինվորական ծառայությունից:
Գևորգը ծառայությունից հետո պայմանագիր է կնքել Զինված ուժերի հետ, պատերազմին մասնակցել է որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքի մյուս տղան, Հակոբը, 44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող էր: Կռվից ողջ-առողջ է վերադարձել:
Գևորգի մայրը` Լիլիթ Սողոմոնյանը հերոսի մայր լինելուց բացի նաև հերոս մայր է` 6 երեխա է լույս աշխարհ բերել:
Հայրենիքը կյանքից առավել գերադասած տղաների արարքն անգնահատելի է` որդեկորույս մայրերին` Լիլիթին ու Արսինեին ասել է վարչապետի տիկինը:
Բնունիսում Աննա Հակոբյանը ևս մեկ տուն է այցելել, որտեղ ապրել է 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանը: Գասպարյանների ընտանիքը Բնունիս է տեղափոխվել Քաշաթաղից:
Գոռը կամավոր է մեկնել առաջնագից, 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Ջրականում: Տան երկրորդ տղան է: Գոռի մայրը` Շողիկ Գասպարյանը գյուղի մյուս հերոսն է` 7 երեխայի մայր է:
Գոռ Գասպարյանի տանը հավաքվեցին գյուղի 3 հերոս տղաների ծնողները, նման հավաքներ Բնունիսում հաճախ է լինում, այս անգամ հավաքը նախաձեռնվել էր տիկին Աննա Հակոբյանի այցի առթիվ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հերոսների ծնողներին, որ նման հայրենասեր տղաներ են դաստիարակել, հավելել` բոլորը հավերժ պարտական են նրանց: