Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսը «Հայելի» ակումբում սկսվեց հիշողությամբ, երբ տարիներ առաջ «Ժառանգության» առաջնորդի ելույթը Բաքվում մեր թշնամին փորձում էր խլացնել՝ ձեռքերով հարվածելով սեղաններին: Բայց, թեև աղմուկի տակ, բանախոսը հնչեցրեց իր ասելիքը մինչև վերջին բառ:
Շոշափվեցին բազմաթիվ հարցեր: Քննադատելով իշխանությանը՝ Հովհաննիսյանը նշեց. «...Եթե այսպես շարունակվի, թե՛ թանգարան կփակվի, թե՛ Մատենադարան, Փառքի անկյունները դպրոցներում՝ իրենց հերթին, դասագրքեր.... Ինչ որ գտնվում է իրենց քարոզչական, հատվածական փոքրիկ կրծքանշանից դուրս՝ գաղափար, միտք, քաղաքակրթություն, իրավունք, ժառանգություն, պիտի իսպառ բացակայի: Եվ այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև»:
Խոսելով սպասվելիք ընտրությունների մասին՝ կուսակցության հիմնադիրը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է: Ըստ նրա՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով:
Այս հարցերի շուրջ, տարածաշրջանում ընթացող վտանգավոր պատերազմի և այլնի վերաբերյալ ավելի մանրամասն ծանոթացեք տեսանյութում:


