▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Սաղաթելյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, այսօր՝ փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։

Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանի ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, միեւնույն ժամանակ բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին