Առաջիկա օրերին ականապատ տարածքների տեղամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):
Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է` շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: