Առաջին անգամ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է օրհնության նոր կարգը` Ամանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվել է նռնօրհնեքի արարողություն:
Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:
Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: