Երևանի քաղաքապետարանն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վայքի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին Լվովյան 2 հասցեում բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ շինթույլտվությունն ապօրինի է, և փաստեր է ներկայացնում։ Երևանի քաղաքապետարանը կանաչապատման անվան տակ մի ձեռքով քանդում է Թաթուլ Կրպեյանի անվան այգու տները, մյուս ձեռքով շինթույլտվություններ է տալիս, այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Այգում գտնվող տները, որտեղ քաղաքացիները շուրջ 10 տարի է՝ ապրում են (մարդիկ լույս, ջուր են քաշել), հիմա քաղաքապետարանը կանաչապատման անվան տակ քանդում է` հայտարարելով, որ դա նրանց սեփականությունը չէ։ Մանուկյանն ասում է, որ այս պատմության մեջ զավեշտալի բան կա` քաղաքապետարանն այգու մյուս կողմում շինթույլտվություն է տվել «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին, որը չի համապատասխանում նորմերին, քանի որ շինթույլտվությունը տալու հիմքեր ստեղծելու համար ֆոտոշոփով տեղափոխել են այդ տարածքի կողքին գտնվող բարձրահարկ շենքը։ |