«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով: Իշխանական պատգամավորներն այս օրերին, մեկը մյուսին հերթ չտալով, հիշեցնում են նախկինների թիկնապահներին, ծեծուջարդերը, ապօրինությունները՝ այդպես փորձելով հասարակության մեջ վատ հիշողություններ արթնացնել՝ երկարաձգելով իրենց իշխանությունը: Պարզվում է, սակայն, հետհեղափոխական Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք շարունակում են մերժված բարքերը՝ բանդաներով քաղաքացիների են ծեծում և մնում անպատիժ: Մեզ բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնականին՝ էրիկ Կոստանյանին և էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան և սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: Մասնավորապես գրել է. «Ժողովու՛րդ ջան, բարի եղե՛ք ու հիշե՛ք՝ պաշտոնը խիար չէ, որ թարս բուսնի, պաշտոնը արմատուրա է… մի օր ձեռդ է, մի օր կոխելու եմ ***… Էն Ղուկասյան Անդրեյը վկա, ես շատ ցավոտ ու ճակատագրական եմ ցավացնում: Ինձնից կիլոմետրերով հեռու»: Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հաղթել էր Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում, և ՔՊ-ն չի ցանկանում նրա հետ աշխատել: Տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է. «06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը և Հայկը: Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, և զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: 3-4 րոպե տևած բանակցությունները տվեցին արդյունք. իջեցրեց զենքը: էրիկն ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում, ոնց որ վիրժառու լիներ, որից հետո հաջորդեց Կարենի զրույցը, թե «ֆեյք» էջ ես բացել ու քրֆում ես սաղին»: Եվ այլ ուշագրավ մանրամասներ է նա պատմել, թե ինչպես են վերցնում նրա համակարգիչը և հեռանում, որից հետո կրկին այլ հանդիպման են կանչում ու կրկին ծեծի ենթարկում: Ի դեպ, առաջին դեպքի ժամանակ Դավիթ Սարգսյանը արդեն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տալիս հանցագործության մասին: ՀՀ դատախազությունից օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: Այս պահին գործը պահանջվել է մարզի դատախազությունում, դրա արդյունքում կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ ցուցում է տրվելու վարույթն իրականացնող մարմնին: Նշենք, որ այս դեպքից անցել է մոտ 2 ամիս, սակայն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և նրա բանդան ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլև աջակցություն են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Իսկ Դավիթ Սարգսյանին երբ հարցրինք դեպքի մասին, կտրուկ հրաժարվեց խոսել՝ ասելով, թե մեզ այդ թեմայով ասելիք չունի, և անջատեց հեռախոսը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Արամ Խաչատրյանը մարդկանց խումբ է ուղարկել քաղաքացուն ծեծելու՝ զենքի սպառնալիքով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet