▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամոն` իր մասին ասեկոսեների վերաբերյալ. «Անընդունելի է, երբ փայտիկը գերան են դարձնում»

ASEKOSE.am–ի և  ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն:

-         Ասում են` առաջին ծափերը երբեք չեն մոռացվում: Հիշու՞մ եք Ձեր առաջին ելույթը:

- Իհարկե. 1985 թվականի նոյեմբեր ամիսն էր, եթե չեմ սխալվում: Արամ խաչատրյան մեծ համերգասրահում էր համերգը` Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:  Տպավորություններս դեռ թարմ են: Երեխա էի` ընդամենը 15 տարեկան: Առաջին բեմելն էր, և սարսափելի  շփոթված էի...հազարից ավելի հանդիսատես ծափահարում էր: Շփոթված կանգնել էի: Օրբելյանն ասում էր` կանչեք այդ երիտասարդին, որովհետև ես չգիտեի ինչ անել:

-Ի՞նչն է որոշիչ եղել Ձեզ մասնագիտության ընտրության հարցում:

- Կդժվարանամ որևէ հանգամանք նշել, դա պարզապես  Աստծո կամքն էր: 

- Ծնվել եք դերասանի ընտանիքում: Դեռ մանկությունից արվեստի հետ «հանդիպումն» ի՞նչ տվեց Ձեզ: 

-Մայրս մանկավարժ էր, հայրս շատ արտիստիկ էր, բայց պրոֆեսիոնալ դերասան չէր: Նա արհետսավոր էր, և ես հպարտանում եմ դրանով: Սակայն, իսկապես, մեր տանը միշտ արվեստագետներ են հյուրընկալվել,  քանի որ հորաքույրս դերասանուհի էր, իսկ  նրա ամուսինը` հայտնի  կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը: Կինոաշախարհի շատ ականավոր ներկայացուցիչներ` թե հայկական, թե ռուսական, հաճախ էին մեր տուն գալիս:  Թեպետ ես փոքր էի, բայց նրանց հետ շփումը շատ բան է տվել ինձ: Շատ մեծ հետք է թողել ինձ վրա:

-Արժեքներ, որոնք անգնահատելի են Ձեզ համար:

- Սերը

- Երևույթներ, որոնք խորթ են Ձեզ:

 -Սուտը և ոչ անկեղծ լինելը:

-Եթե հնարավոր լիներ, ի՞նչ կփոխեիք:

-Ես չէի փոխի. թող Աստված փոխի, ես պարզապես կցանկանայի, որ ավելի  շատ սիրեինք և ժպտայինք:

-Ինչի՞ն կամ ու՞մ եք անվերապահորեն հավատում:

-Աստծուն:

- Ասում են` առանց  երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի ի՞նչ կպակասեր Ձեր կյանքում:

- Շատ անգամ եմ այդ հարցն ինքս ինձ  տվել` եթե երգը, երաժշտությունը չլինեին, ինչպե՞ս կապրեինք: Վստահ եմ` չափազանց դժվար կլիներ: Պարզապես կյանքը կանգ կառներ:

-«Երաժշտությունը հոգուց լվանում ու մաքրում է առօրյա կեղտն ու փոշին».... Երաժշտությունն Արամոյի համար....

- Պետք է հստակեցնել, թե  ինչպիսի երաժշտության մասին է խոսքը: Մեր իրականության մեջ այնպիսի բան է կատարվում, որ  երաժշտությունն  ամեն ինչ կեղտոտում է, չի մաքրում: Գոյություն ունեն  այնպիսի ոճեր,  որոնք աղտոտում են, փչացնում են, ցավեցնում են: 

 Սիրում եմ տարբեր ոճի երաժշտություն` լավ, մաքուր երաժշտություն: Բայց ինձ համար դասականն անփոխարիենլի է:

 Ընդհանուր առմամբ` որպես հարցի պատասխան, կասեմ, որ Երաժշտությունն աստվածային է, երաժշտությունը հրաշք է, կյանք է, սեր է, ապրելակերպ, միտք,  խոսք,  երևակայություն, վերջապես` երաժշտությունը տիեզերք է:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:

-Անկեղծ ասեմ` չեմ հիշում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ասեկոսեներին առհասարակ:

-Եթե չափի մեջ է, նորմալ եմ վերաբերվում, իսկ երբ փայտիկը դարձնում են գերան, դա անընդունելի է:

Հարցազրույցը` Հասմիկ Գյոզալյանի

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին