Հայաստանում է ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, ով հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով:
«Սա իմ 16-րդ այցն է Հայաստան: Տարիների ընթացքում կապվել եմ հայ ժողովրդի հետ, ավելին՝ անցած տարի դարձել եմ ՀՀ քաղաքացի: Ինչպես սովոր եմ ասել՝ հայ եմ ոչ թե ծագմամբ, այլ ընտրությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչը:
Անդրադառնալով սպասվող համերգին՝ հայտնեց, որ բոլոր երգերը հայերեն է կատարելու.
«Այս համերգին ես երկար եմ սպասել»,-նշեց Դեքերը՝ հավելելով.
«Կհնչեն «Հպարտ գնացեք», «Նազանի», «Ով հայոց սարեր» և մի շարք այլ երգեր: Սա իմ նվերն է հայ ժողովրդին: Հերթական անգամ ուզում եմ ասել, որ ես ձեր կողքին եմ և հպարտ եմ, որ հայ եմ»:
Հանդիպմանը ներկա էր նաև երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը, ում փոխանցմամբ՝ եթե հասցնեն պատրաստվել, ապա համերգին կներկայացնեն նաև նոր երգը՝«Արաքս»-ը.
«Դեքերն ասում է՝ Արաքս գետի երկու կողմում էլ պետք է հայեր քայլեն: Ապշել կարելի է: Մարդը հայ չէ, բայց այնքան աշխատանքեր է կատարում մեր ազգի համար...Զարմացած եմ, որ ՀՀ քաղաքացի ցանկացավ դառնալ...Կցանկանայի, որ մեր ղեկավարները նկատեին այս տղայի նվիրվածությունը, ով Ադրբեջանի, Թուրքիայի հարվածների ներքո է»,-նկատեց Արա Գևորգյանը:
Համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, երգչուհի Եվա Եգանյանը:
Անի Կարապետյան