▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը կտրուկ է արձագանքել ՌԴ որոշ գործընկերների վարքագծին

 

Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ Ռուսաստանցի որոշ գործընկերներ, որոնցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են, երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։

«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում:

Արարատ Միրզոյանը նշել է, որ մտադիր է շարունակել իր ռուս գործընկերների հետ երկխոսությունը, ամրապնդել եւ զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը: Իր խոսքում նա նաեւ նշել է, որ Հայաստանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը, սա Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, որն արտացոլված է Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում, հայտնում է «Խորհրդարանական թերթը»։

«Ուղիղ և անկեղծ, բարեկամական երկխոսությունը, որն ուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը հատուկ արժեք է ձեռք բերում այն հանգամանքների լույսի ներքո, երբ որոշ շրջանակներ եւ երրորդ երկրներ փորձում են Հայաստանում առկա գործընթացները ներկայացնել կեղծ լույսի ներքո, թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային ասպարեզում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման փորձերը ի սկզբանե ձախողված են՝ սեպ խրել մեր հարաբերություններում անհնար է, դրանք վեր են քաղաքական կոնյունկտուրայից», - հայտարարել է Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է նաև, որ միայն երկու երկրների քաղաքական գործիչները կարող են որոշել երկկողմ հարաբերությունների օրակարգը` «ելնելով երկու երկրների և ժողովուրդների հոգեւոր և բարեկամական պատմական հարաբերություններից»: Արարատ Միրզոյանը համագործակցության առանցքային կետերից մեկը համարեց տարածաշրջանում և աշխարհում անվտանգության պահպանումը.

«Մենք դեմ ենք հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին եւ աջակցում ենք Ռուսաստանի՝ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը: Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասաց ԱԺ նախագահը:

 

Կարդացեք նաև՝ Ռուսաստանցի որոշ գործընկերներ Բաքվում մասնակցել են հակահայկական ակցիայի. Միրզոյանի ելույթը Դաշնության խորհրդի լիագումար նիստում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին