«Այսօր առավոտյան Արարատի մարզպետարան են կանչվել դպրոցի տնօրեններ , որոնց հրահանգ է տրվել ցանկացած ճանապարհով ազատվել թոշակառու ուսուցիչներից:
Վեց դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը ներկա է գտնվել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և ոմն Լիլիթ Միրզախանյան, ում կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար:
Տվյալ տիկինը, ում անունը ընդհանրապես չկա Արարատի մարզպետարանի ղեկավարների աշխատացուցակում իրբև աշխատակազմի ղեկավար, իրեն իրավասություն և լիազորություն է տվել տնօրեններին պահանջ ներկայացնել , որպեսզի նոր ուսումնական տարին արդեն իսկ սկսած մանկավարժին, ովքեր հատել են 63 - ի սահմանը անպիտան իրի պես դուրս հանել շենքից:
Գործին բոլորովին չտիրապետող այդ տիկնոջը տնօրեններից մի քանիսը փորձել են հասկացնել , որ աշխատանքային օրենսգրքով չկա այդպիսի կետ , ըստ որի գործատուն պետք է ազատվի իր պարտաճանաչ , վաստակաշատ ուսուցչից , եթե նա օրինակ 64 տարեկան է:

Նոր իշխանությանը կողմնակից լինելով՝ հորդորում ենք Արարատի երիտասարդ մարզպետին, ում գիտությամբ հանձնարարականներ է տրվում իր ենթականերին , որոնք նույնիսկ պաշտոնապես հրամանագրված չեն , սակայն կարգադրություններ են հնչեցնում կրթօջախների տնօրեններին, թող փորձեն օրինական ճանապարհով իրենք հաստատվեն երազած պաշտոնին , նոր անօրինական պահանջ ներկայացնեն` մաքրել դպրոցները այլևս իրենց ոչ պետքական մասնագետներից , փոխարենը ծանոթ երիտասարդներին գործի ընդունելու խոստումը կատարելու համար :
Դպրոցի կառավարմանն ու առօրյային չտիրապետող , պատահական պաշտոնյան ստիպում է հակաօրինական քայլ կատարել` սեպտեմբերի 10- ի դրությամբ չմտածելով այն բազմաթիվ աշակերտների մասին , ովքեր մնալու են առանց ուսուցիչ մինչև , որ պարտադրաբար դպրոցից հեռացված ուսուցչի փոխարեն գա այն նորը , թափուր աշխատատեղի հայտարարությունը մարզպետի Գարիկ Սարգսյանի պաշտոնական էջից կարդալուց հետո :

Ի դեմս բազմաթիվ թոշակառուների ներկայացնում են բազմավաստակ մանկավարժի խոսքը , ով դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին»,-այս մասին նշում է լրագրող Լուսինե Արշակյանը՝ ներկայացնելով տեսանյութ:


