«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։ Սրանով է պայմանավորված, որ նա վարչապետից մի քանի անգամ ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում եւ կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե պետության թիվ մեկ եւ հատկապես` աշխատող պաշտոնյան ինքն է։ Երեկ էլ կառավարության պաշտոնական էջով հաղորդեցին, որ նա «ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին»:
Նման տեքստ ՀՀ նախագահի կամ վարչապետի մասին են սովորաբար տարածում. «Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին եւ հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր»։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ «թեժ աշնանն» ընդառաջ, Փաշինյանը որոշել է կառավարությունում փոխատեղումներ անել: Թերեւս, Հարությունյանը հույս ունի, որ իրականություն կդառնա իր երազանքը։ Դե, իսկ աշխատակազմի ղեկավարի աթոռին հավակնում է նրա տեղակալը, որի հիմնական աշխատանքն իշխանական մամուլը եւ ֆեյքերին կառավարելն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում