«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բավականին բուռն է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր շարունակ ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն էր խնդրում՝ հասկանալու՝ ի վերջո ինչ են քննարկել Փաշինյանի հետ: Պատգամավորները, սակայն, հանդիպման մասին որեւէ մեկնաբանություն լրատվամիջոցներին չեն տալիս:
Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերի հետ, ավելանում են, երեւանաբնակներն ամեն պահի սպասում են, որ հաջորդ արկն իրենց գլխին կարող է ընկնել, իշխանության ներկայացուցիչները ձկան պես լռում ու վախ են գեներացնում հասարակության ներսում: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել՝ երեք ժամից ավելի պատգամավորներն ինչ են քննարկել իրենց քաղաքական առաջնորդի հետ:
«Հարցերը եղել են, ամեն մեկն իր սուրբ պարտքն է համարել լուրջ ու անհանգստացած դեմքով հարց ուղղել Փաշինյանին: Ռազմական դրություն հայտարարելու կամ դրա մասին խոսակցություն առհասարակ չի եղել: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է՝ Ռուսաստանը կարծես թե դեմ չէ, որ Հայաստանը մեկ այլ երկրից զենք բերի: Ուրախությամբ տեղեկացրել է նաեւ, որ այս պահին զենք ձեռք բերելու մասով մի քանի երկրի հետ նախնական պայմանավորվածություններ ունեն: Բայց թե որ երկրների մասին է խոսքը, չի մանրամասնել»,- տեղեկացրեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:
Այդ օրը խոսվել է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության ու ՌԴ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Փաշինյանը հենց սկզբից ընդգծել է՝ Ռուսաստանի հասցեին խիստ ու կոշտ արտահայտվել չեն կարող, քանի որ դա տնտեսական մի շարք «ապտակներ» կարող է արժենալ՝ գազի գնի վերանայումից մինչեւ ցորենի ներմուծում:
«Բայցեւ կարծիք են արտահայտել, որ կարող են խայթել Ռուսաստանին՝ հասկացնելով, որ մենք էլ նեղանալ գիտենք: Իհարկե, մի քանի անգամ է շեշտվել՝ ռուսներին վերջնական ցտեսություն ասելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավելեց մեր զրուցակիցը: Իշխանականները քննարկել են նաեւ Արցախի կարգավիճակի հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Արցախի իշխանություններին պետք է թողնել բանակցային հարցը: Այսինքն՝ ենթադրել կարելի է, որ Արցախի հարցով հաջորդ բանակցություններում նաեւ Արցախը ներառված կլինի, բայց կբացակայի Հայաստանը։ Այն, ըստ երեւույթին, տեղի կունենա Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում