Նկարչուհի և դիզայներ Արև Պետրոսյանը այս տարվա ապրիլին ներգարվվել է համաշխարհային «Women in art» արվեստի ընտրանիում, որտեղ ներկայացվել է նրա «Մայր Հայաստան» նկարը: Նա առաջին հայ կին նկարիչն էր և «Մայր Հայաստան»-ը առաջին հայ հեղինակի գործը, որը տեղ գտավ նշված ընտրանիում: Ինչպես հեղինակի, այնպես էլ նրա ստեղծագործությունները գնահատողների համար սա մեծ ձեռքբերում էր:
Երբվանի՞ց է Արև Պետրոսյանը սկսել իր ստեղծագործական ուղին, ինչո՞վ են առանձնանում նրա ստեղծագործությունները և առաջիկայում ի՞նչ նորություններ սպասենք նրանից: Այս և այլ հարցերի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Արև Պետրոսյանի հետ:
-Երբվանի՞ց եք սկսել հաղորդակցվել արվեստին և ո՞րն է եղել Ձեր առաջին մեծ դասը:
- Ընտանիքը և միջավայրը, որտեղ մարդ ծնվում է, շատ մեծ ազդեցություն են ունենում նրա աշխարհայացքի դաստիարակման վրա: Այդ առումով ես մեծ բախտ եմ ունեցել` ծնվելով արվեստագետի ընտանիքում և կարծես թե` մեծացել գեղեցիկ հեքիաթների մեջ, հրաշալի մարդկանց միջավայրում: Երբ շատ փոքր էի, մի անգամ հորս խնդրեցի ինչ-որ բան նկարել: Նա կապույտ գույնով ծառ նկարեց: Զարմացա` ինչու կապույտ: Հայրս ասաց` դու ազատ ես, միշտ ունես ընտրության հնարավորություն, նայիր աշխարհին քո ուզած գույներով: Դա իմ առաջին մեծ դասն էր ազատության մասին:
- Իսկ ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:
- Բարդ հարց եք տալիս… Ազատությունն ինձ համար ամեն ինչ է, կյանքի շունչն է ինձ համար: Եթե այն չխեղաթյուրվի ուրիշ գաղափարներով և չսերմանվի սխալ մեջբերումներով, մի ամբողջականություն է, դա հենց կյանքն է` ազատ միտքն և էներգիան:
- Ասում են` նկարիչները կյանքն ու շրջապատի յուրաքաչյուր երևույթ ինչ-որ գույնով են տեսնում: Ըստ Ձեզ` ի՞նչ գույնի է հայրենիքը:
- Հայրենիքը բազմագույն է: Ինչպես, որ մեկ բառով չես կարող ասել` ինչ է հայրնեիքը, այդպես էլ` մեկ գույնով չես կարող բնութագրել հայրենիքը:
- Իսկ ո՞րն է Ձեր գույնը և ի՞նչ է այն խորհրդանշում:
- Իմ գունապնակը լեցուն է, կենտրոնանում եմ սպիտակի և սևի մեջ: Գույների ընտրությունն ինձ մոտ պայմանավորված է տվյալ իրավիճակով և տվյալ պահին ունեցած տրամադրությամբ: Տարբեր շրջաններում տարբեր գույներ եմ սիրում:
- Նկարչությունը Ձեզ համար աշխատա՞նք է , թե …
- Վստահ աշխատանք չէ: Ապրելակերպ է, հոգեվիճակ: Սա իմ կյանքն է, իմ սերն և իմ առաքելությունը:
- Եթե ոչ նկարչուհի, դիզայներ, ապա …
- Ես ինձ պատկերացնում եմ ամենուր, որտեղ կա ազատություն և ստեղծագործելու հնարավորություն: Շատ կաևոր և նուրբ տարր կա` երբեք չդառնալ սեփական մասնագիտության ստրուկը: Չստրկանալ: Երբ դու աճում ես և զգում ես` փոփոխությունների ժամանակն է եկել, դու քո տեսակով փոխվում ես, պետք է լինես այնքան ազատ և ուժեղ, որ կարողանաս բնականոն մուտացիան ընդունել: Եթե մի օր հասկանում ես, որ տվյալ ոլորտում քո անելիքներն ավարտվել են, դու պետք է քո մեջ ուժ գտնես և լքես այդ ոլորտը: Եվ անցնես մեկ այլ ոլորտ, որտեղ դու անելիք և ասելիք կունենաս:
- Նկարչության ոլորտում վերջերս Դուք «մեծ» ասելիք ունեցաք. հայաստանյան իրականության մեջ առաջին արվեստագետն էիք, որ սկսեցիք ստեղծագործել օրգանական ապակու վրա` «խաղալով» ոսկու և արծաթի հետ: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը:
- Իսկապես ես շատ երկար ճանապարհ անցա, հետաքրքիր և միևնույն ժամանակ` դժվարություններով լի: Շատ հետաքրքրական է, արվեստի մի նոր հարթություն, որտեղ պատկերից զատ` դու աշխատում ես արտացոլման, ապա ներթափանցման ուղղությամբ և գունապնակդ լրացված է ոսկով և արծաթով, որոնք, կարծես, լրացնում են գունային գամման: Կա նաև հնարավորություն աշխատելու մեծ ծավալների վրա: Մի խոսքով` և նյութը, և տեխնիկան դեռ շատ զարգանալու և կատարելագործվելու հնարավորություն ունեն: Ճանապարհս սկսվեց հեռուստատեսությունից, չնայած որ սովորում էի արվեստի ակադեմիայի գեղանկարի բաժնում, սակայն այդ շրջանում տարված էի հեռուստատեսությամբ: Ստուդիաների ձևավորումները, բեմերը, լույսի, կամերայի, խորության հասկացությունը, ֆիլմերում նկարչի աշխատանքը, մարդիկ, խելագար աշխատանքային դինամիկան, կարծես, համահունչ էին երիտասարդ, հարցերով լի կերպարիս: Ապա եկավ հասունացման այն պահը, երբ ես հասկացա որ պատրաստ եմ նկարչության: Եվ արդեն 2005թ. ես ներկայացա հանրությանն իմ նոր ձեռագրով:
- Հատուկ հոգեվիճակ կամ տրամադրվածություն Ձեզանից պահանջվու՞մ է, որպեսզի կարողանաք ստեղծագործել:
- Դու միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ ես: Լինում պահեր, երբ մտքերը խեղդում են, բայց կենցաղային խնդիրները ուտում են ժամանակդ: Մանավանդ, երբ դու ընտանիք ունես և մայր ես, ապրում ես հոգսերով լի կյանքով: Կամ էլ, այդ պահին ֆիզիկապես չես կարող, որովհետև հեռու ես քո արվեստանոցից, կամ ճանապարհորդում ես: Երբ արվեստանոցում ես, դու արդեն մեկ այլ հոգեվիճակում ես, կտրվում ես աշխարհից, խնդիրներից, որոնք քեզ կարող են հուզել: Կարծես, կորցնում ես ժամանակի և տարածության զգացողությունը: Դժվար է նկարագրել, թե ինչ է քեզ հետ կատարվում, երբ դու ստեղծագործում ես, բայց դա հրաշալի է…
- Իսկ, ըստ Ձեզ, Հայաստանում արվեստագետների համար պայմանները նպաստավո՞ր են:
- Ինձ համար Հայաստանը պարզապես դրախտավայր է: Ստեղծագործելու պահին դու չես կարող գիտակցել, թե բանկային զարգացման համակարգը ինչ առաջընթաց է ապրում, կամ թե երկրի սոցիալական խնդիրները ինչպես են լուծվելու, քաղաքականություն, համաշխարհային էկոնոմիկա, և … և… դու ես և քո մտքերը: Նկարչի համար շատ կարևոր է շարունակությունը` արդեն կայացած ստեղծագործության ճանապարհը, ներկայացման խնդիրը, գնահատականը, պրոֆեսիոնալ քննադատությունը, համաշխարհային շուկա դուրս գալը, ներկայացված լինելը: Իրականում սրանք այն խնդիրներն են, որ արվեստագետը չպետք է հոգա, այլ` մասնագետներ կամ հատուկ ինստիտուտ: Հայաստանում այդ խնդիրը լուծված չէ:
- Առաջիկայում Ձեզանից ի՞նչ նորություններ սպասենք:
- Անելիքնենր, ասելիքներ և մտքեր շատ ունեմ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կներկայանամ մի շատ հետաքրքիր նախագծով, որի վերաբերյալ փակագծերը չեմ ուզում բացել: Միայն ասեմ, որ սա իմ գիտակցության զարգացման մի նոր շրջանն է, կներկայանամ նորություններով լի: Երևի թե նախագիծը կկոչվի «Ծնունդ» կամ մեկ այն անվամբ, համենայն դեպս` կետ, որից սկսվում է ամեն ինչ: Փորձելու եմ հոգեբանական մի շրջանցում կատարել:
- Ձեր մաղթանքը հայ մարդուն:
- Մարդկանց մաղթում եմ շատ սեր, համբերություն, ուզում եմ, որ մարդիկ իրար նկատմամբ ավելի հանդուրժող լինեն, տարրական հարգանք ունենան միմյանց նկատմամբ: Հարգեն, սիրեն և գնահատեն միմյանց:
Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի
72157633732011210