Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:
Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում: