▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի նոր երգը՝ Անչոկի կատարմամբ

ԲլոգNews-ը գրում է. ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ անակնկալ ունի կանանց համար. պարբերաբար իր հեղինակային երգերը հանրությանը ներկայացնող քաղաքական գործիչը Մայրության և գեղեցկության տոնին լսարանի դատին կհանձնի իր նոր երգը, այս անգամ՝ Անչոկի կատարմամբ:

ԲլոգNews-ը երգի առաջին ունկնդիրներից է եղել և հետևել է Աշոտյանի ու Անչոկի էմոցիաներին և տանգոյին՝ առաջին անգամ երգի ձայնագրությունը լսելիս: Անչոկը երգի 2 տարբերակ էր ձայնագրել՝ լիրիկական և ավելի պայծառ: Աշոտյանի սրտին դիպավ լիրիկական տարբերակը, քանի որ, ըստ նրա, այն արտացոլում էր լուսավոր թախիծը, որ կա խոսքերում: Անչոկը համաձայնեց Աշոտյանի ընտրության հետ: Իր խոսքով՝ կարևորում է նրա կարծիքը՝ նախ՝ որովհետև իր շատ լավ ընկերն է, երկրորդ՝  նա է հեղինակը։ Կայքի հետ զրույցում Աշոտյանը հայտնեց, որ երգի խոսքերը գրել է տասը տարի առաջ և նույնիսկ չի պատկերացրել, որ մի օր այն կարող է երգ դառնալ: «Ես առաջինը գրում եմ խոսքերը, այնուհետև իմ բանաստեղծություններից մի քանիսը դառնում են երգեր։ Երբ պահը եկավ ու հասկացա, որ այս ստեղծագործությունը երգ է դառնալու, հասկացա, որ Անչոկից լավ ոչ ոք չի կարող երգել այն, որովհետև նա և՛ զգացմունքային երգչուհի է, և՛ շատ հզոր ձայնային տվյալներ ունի։ Նա իր ամեն կատարման մեջ հոգի է դնում և ավելի շատ է ընկալում իմաստը, քան նույնիսկ հեղինակը։ Այսօր, լսելով երգը, ևս մեկ անգամ հասկացա, որ ճիշտ  ընտրություն եմ արել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իր ստեղծագործությունների առաջին ունկնդիրը հենց  ինքն է լինում: «Ես շատ վատ եմ երգում և եթե իմ վատ կատարմամբ հավանում եմ ձայնագրությունը, խիզախում եմ այն ուղարկել որևէ մեկին։ Այս երգն այնքան էի հավանել, որ հենց իմ կատարմամբ ուղարկեցի Անչոկին։)»,- խոստովանեց նա ու երգչուհուն խնդրեց ջնջել այն:)

Անչոկն էլ հիշեց, որ իրենց առաջին համագործակցությունը եղել է տասը տարի առաջ, երբ կատարել է Աշոտյանի «Волна воспоминаний» երգը: «Շատ գեղեցիկ, բայց տխուր երգ է՝ ռուսերենով,  որը ռուսական  հացաքածուներում էլ տեղ գտավ, թեև ո՛չ իմ, ո՛չ Աշոտյանի անունը որևէ տեղ չէր նշվել,- ասաց երգչուհին ու հավելեց,- Մոտ մեկ տարի առաջ Արմենն ասաց, որ նոր երգ է գրել, որը ցանկանում է ես կատարեմ, ասացի՝ սիրով և ստացա այս նվերը։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, այս անգամ ավելի լուսավոր երգ է։ Թեև երգը տառապանքի ու ցավի մասին չէ, երաժշտության մեջ լուսավոր մի թախիծ կա»։

Աշոտյանը նկատեց, որ  երգը որևէ կնոջ նվիրված չէ, միաժամանակ՝ նվիրված է մի քանիսին. «Իմ երգերի մեջ միշտ հավաքական զգացողություններ կան։ Կարելի է ասել, այս ստեղծագործությունը կյանքի տարբեր փորձերի համադրությունների արդյուքնում է ծնվել։ Ինձ համար երգում լուսավոր թախիծ կա, որովհետև սերը չի կարող միայն երջանկություն լինել։ Երջանկության հասնելու համար պետք է որոշակի ապրումների միջով անցնել. համաշխարհային գրականությունը, հատկապես, պոեզիան ուսումնասիրելիս էլ տեսնում ենք, որ շատ քիչ ստեղծագործություններ են բխել երջանկությունից և տառապանքի արդյունք չեն»։

Անդրադառնալով տեսահոլովակ նկարահանելու հավանակությանը՝ նրանք հայտնեցին, որ ամեն բան կախված է հանրության արձագանքից: Աշոտյանը նշեց, որ երգի խոսքերը կարծես փոքրիկ ֆիլմ ներկայացնեն. «Կարծում եմ՝ ամեն  ունկնդրի մոտ որոշակի տեսապատկերներ կհիշվեն սեփական կյանքից: Ինձ, կարծում եմ՝ նաև Աննայի համար ամենակարևորն այն է, որ շնորհանդեսից հետո երգն ապրի իր կյանքով։ Ըստ իս՝ հավակնություններ ունենք, որ ապրիլի 7-ին երգը գեղեցիկ նվեր կդառնա, կանանց և աղջիկների համար»։ Անչոկն էլ նկատեց, որ կան երգեր, որոնք այնքան լավն են, որ առանց տեսահոլովակի էլ են ապրում: «Յուրաքանչյուր երգ կատարելիս ցանկություն կա նաև տեսահոլովակ ունենալ, սակայն դա կախված է հանդիսատեսի արձագանքից, ոչ թե երգի լավը կամ վատը լինելուց»,- ասաց երգչուհին:

Աշոտյանի մոտ ավանդույթ է ձևավորվում ամեն տարի Ապրիլի 7-ին հեղինակային երգ ներկայացնելը, այնպես որ, քաղաքական գործչի երաժշտաբազայում նոր խմորումներ են սկսվել հաջորդ տարվա համար:) Մինչ այդ, նրանից տեղեկացանք, որ ունի նաև այս երգի ռուսերեն տարբերակը, որը ևս առաջիկայում կներկայացնեն Անչոկի կատարմամբ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին