▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը Ճապոնիայում հանդիպել է Էստոնիայի նախագահին

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են լինել տարբեր ոլորտներում Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Ընդգծելով մարդկանց միջև շփումների խթանման անհրաժեշտությունը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ազատականցման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը։

Նախագահները խոսել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդեն նման ծրագրեր իրականացնում է այլ երկրների հետ։

Էստոնիայի նախագահ Կալյուլայդը հետաքրքրվել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների և իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել մարդասիրական նախաձեռնություններին: Մտահոգություն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին