Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի «թոքերը»։ «ՍիվիլՆեթ»–ը գրում է, որ 1990-ականներին ցրտի խնդիրը լուծելու համար բնակչությունը սկսեց կտրել Նորքի անտառները, իսկ 2000-ականներին իշխանությունը որոշեց «կտրել» ու «մաս-մաս բաժանել» անտառի ընդհանուր տարածքի կեսը։
Նորքի անտառների տարածքը իշխանությունը մասնատեց 2004-ին։ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությունը հունիսի 3-ին կայացրեց 910-Ն որոշումը, ըստ որի՝ Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվեցին 46,5 հեկտար (465 000քմ) մակերեսով հողամասեր և ընդգրկվեցին բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագիծը հաստատվեց 2007-ի դեկտեմբերի 12-ին։ Անտառներից մնաց 56,7 հեկտարը։ Այստեղից էլ սկսվեց Նորքի անտառների նախկին լայնամասշտաբ տարածքի վաճառքը տարբեր անձանց ու ընկերությունների։
2019-ի նոյեմբերի 28-ին կառավարության նիստում շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էր, որ Նորքի անտառը նախկինում ավելի մեծ է եղել, և դրա մի մասի գոտիավորումը փոխվել է և կառուցապատվել է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, հետևողական չեղավ անտառային տարածքների վերադարձման հարցում։
Ինչպես է գործել անտառային հատվածի օտարման սխեման
2002-2003-ին տարբեր անձինք, այդ թվում՝ իշխանության հետ փոխկապակցված, վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ։ Պայմանագրերն, ըստ էության, ձևական բնույթ են կրել։ Վարձակալությունը, այսպես ասած, գնման իրավունքն էր։
Բոլորի հետ պայմանագրերը կնքվել են 10 տարով, հիմնականում գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար էին տրամադրվում հողամասերը։ Կախված հողի մակերեսից՝ վարձավճարներն ամսական կազմում էին չնչին գումարներ՝ 1500-3000 դրամ։
2004-ին կառավարության 910-Ն որոշումից հետո տեսնում ենք այս պատմության «հաջորդ արարը»։ Վարձակալները դիմումներ են ուղարկում քաղաքապետարան՝ խնդրելով վաճառել վարձակալած հողատարածքները, իսկ քաղաքապետարանը բավարարում է դիմումները, և 2005-ի տարբեր օրերին լինում են 38-ից ավելի որոշումներ՝ վարձակալներին գնման նախապատվության իրավունք վերապահելու ու հողամասերը վաճառելու վերաբերյալ։
Վարձակալների ցանկում շատ էին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք։ Նրանցից մեկը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայրն էր՝ Հենրիկ Նազարյանը։ 2003-ին նրան վարձակալությամբ տրամադրվել էր 4000 քմ հողամաս, հետո օտարվել, սակայն հետագայում Նազարյանները վաճառել են այս տարածքը։
Վարձակալների շարքում է նաև Տիգրան Ղալումյանը․ նրան է տրամադրվել 1500քմ մակերեսով հողամաս։ Ղալումյանը Երևանի նախկին քաղաքապետ, այդ տարիներին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի շրջապատից է։ Նրան հանդիպում ենք «Կեչառիս» ՍՊԸ-ում։ 2006-ից հիմնադրված այս ընկերությունում Ղալումյանը 2008-ից ունի 50 տոկոս բաժնեմաս, մնացած բաժնեմասը պատկանում է Հրանտ Բեգլարյանին։
Պաշտպանության նախարարության հողատարածքները
Նորքի անտառների մասնատված մասից «իր բաժինն է» ստանում նաև պաշտպանության նախարարությունը։ 2006-ի մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ խնդրելով՝ «ՀՀ ՊՆ կարիքների համար տրամադրել 2․5 հեկտար տարածք՝ Նորք-Մարաշում բնակելի և հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով»։ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2006-ի հունիսի 12-ի 950-Ա որոշմամբ դիմումը բավարարվել է։ ՊՆ-ն պարտավորվում էր երկու տարվա ընթացքում սկսել շինարարական աշխատանքներ:
2006-ի հոկտեմբերի 30-ին, հաշվի առնելով ՊՆ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի 1753-Ա որոշմամբ՝ չեղյալ է համարվում հունիսի 12-ի որոշման դրույթներից մեկը, ըստ որի՝ լիազորվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի վարչության պետին ՀՀ քաղաքացիական օրենսրդրությամբ սահմանված կարգին համապատասխան կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագիր։
Հետագայում այս հողատարածքները հանվում են ՊՆ-ի հաշվեկշռից ու վաճառվում տարբեր անձանց։ ՊՆ-ի կարիքների համար բնակելի և հասարակական կառուցապատում այդպես էլ չի իրականացվում։
Նորքի անտառների մասնատման ստվերային կողմը
ՍիվիլՆեթին հաջողվեց զրուցել երկու գործարարի հետ, որոնք 2000-ականների սկզբին հողատարածք են գնել Նորքի այգիներից առանձնացված հատվածում, հետո վաճառել։
Մեր զրուցակիցներից մեկը հաստատեց տեղեկությունը, որ այստեղ տարածքներ է ունեցել նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ընտանիքը։ Ըստ նրա՝ Նազարյանների տարածքը կազմել է մոտ 10 000 քմ (Սիվիլնեթը գտել է այս տարածքից 4000քմ-ի պայմանագրերը), ընդ որում՝ հենց ինքը Ներսես Նազարյանն էր ներկայանում որպես տարածքի սեփականատեր ու պայմանավորվում վաճառքի վերաբերյալ՝ քառակուսի մետրը 33 դոլարի սահմաններում։
Երկրորդ գործարարը հայտնեց, որ 2008-ին վերավաճառողներից գնել է 2000քմ տարածք՝ քառակուսի մետրը 120 դոլարով։
Ինչո՞ւ Նորքի անտառները կիսվեցին ու բաժանվեցին տարբեր անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների ու ընկերությունների միջև։ Մեր զրուցակիցները նույնաբովանդակ պատասխաններ տվեցին․ իշխանությունը պահելու համար տեղի էր ունեցել անտառային հատվածների բաժանում ու հատկացում տարբեր ազդեցիկ մարդկանց։
ՍիվիլՆեթն ուսումնասիրեց մի քանի տասնյակ փաստաթղթեր, արխիվային ու կադաստրային փաթեթներ և առանձնացրեց մեկ տասնյակը։
Սամվել Ալեքսանյանի մտերիմից՝ Գագիկ Խաչատրյանի եղբոր որդուն
Հովսեփյան 95ա հասցեի անշարժ գույքը՝ բաղկացած 203,8 քմ հասարակական տարածքից և դրա սպասարկման համար նախատեսված 0,9197 հա (9197քմ) հողամասից, տարբեր գործընթացների արդյունքում նախ հայտնվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ Էդգար Անտոնյանի, այնուհետև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Արամ Խաչատրանի ձեռքում։
Կրկին նույն ձեռագիրն է այստեղ գործել. նախ տարածքը տրամադրվել է վարձակալության, այնուհետև օտարվել, իսկ սեփականատերը՝ տվյալ դեպքում քաղաքացի Քրիստինա Սիլչենկոն, 2004-ի հուլիսի 15-ին այն վաճառել է Էդգար Անտոնյանին՝ ընդամենը 10 հազար դոլարով։
Անտոնյանը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող որոշ բիզնեսների կառավարիչն է եղել, մի մասի դեպքում առ այսօր այդ գործառույթն է կատարում։ Նրան տեսնում ենք «Մակալեքս», «Ալեքս Ալկո» և «Խոլորձ» ՍՊԸ-ներում։
2011-ի մարտի 16-ին Էդգար Անտոնյանն անշարժ գույքը վաճառել է Արամ Խաչատրյանին՝ 7,5 մլն դրամով։
Արամ Խաչատրյանը 2005-ից «Մեգա ֆուդ» ընկեության 100 տոկոս բաժնեմասի տերն է, «Յուքոմ»-ում նրա բաժնեմասը կազմել է 24 տոկոս, այսքանով նրա մասնակցությունը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի բիզնեսում չի ավարտվում։
Արամ Խաչատրյանը խոշոր անշարժ գույքի սեփականատեր է, մասնավորապես տեղեկանքներից մեկում տեսնում ենք, որ նրան են պատկանել Երևանի կենտրոնում կաթսայատներ, ավտոտնակ, բնակարան և այլ անշարժ գույքեր։
2016-ին Արամ Խաչատրյանը բանկում կնքել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, գրավ է դրել Նորքի՝ իր անշարժ գույքը, բայց որպես պարտապան հանդես է եկել «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն։ Համագործակցության գումարը կազմել է 4 մլրդ 800 մլն դրամ, ժամկետրը մինչև 2023-ի նոյեմբերը։ 2008-ին այս ընկերությունը հիմնադրել է Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Հայկ Խաչատրյանը, 2016-ից, սակայն, Խաչատրյանը վաճառել է իր բաժնեմասը։ 2016-ի վերջին Արամ Խաչատրյանը կնքել է գրավի մեկ այլ պայմանագիր, այս անգամ պարտապանը «Յուքոմ»-ն էր։
2020-ի մարտին Արամ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել՝ ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում։ 2022-ի հուլիսի 21-ին նրա անշարժ գույքի վրա դրված արգելանքները հանվել են։
Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսնու ընկերությունը՝ հողատարածքի սեփականատեր
Նորքում 4000քմ մակերեսով հողամաս ունի «Ասաշին» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ի հուլիսին, իսկ 2022-ին գնել է վերոնշյալ տարածքը, որը ներկայում գրավադրված է բանկում։
Ընկերության սեփականատերը Ասատուր Ասատրյանն է։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։
Ասատուր Ասատրյանը 2003-ից 99,9 տոկոս բաժնեմաս ունի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում։ Այստեղ, ըստ ամենայնի, սիմվոլիկ 0,0002 տոկոս բաժնեմաս է գրանցված նաև Ալեքսանյանի կնոջ՝ Շողեր Մկրտչյանի անվամբ։ Ասատրյանը «Նատալի հոլդինգ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է, իսկ 2011-ին հիմադրված ու 2017-ին լուծարված «Նեֆրա-մեդ» ընկերությունում Ասատրյանին էր պատկանում բաժնեմասերի 50 տոկոսը, 20-ը՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդուն՝ Ռուբեն Բաբակեխյանին, իսկ 30 տոկոսը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։
Լևոն Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի առանձնատունը
2003-ին Երևանի քաղաքացի Լենա Շագոյանը «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի համաձայն 10 տարով քաղաքացուն է տրամադրվել անտառապետության տարածքից 0,24 հա (2400քմ) «անօգտագործելի հողատարածությունը»։ Տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 28 800 դրամ, այսինքն՝ ամսական 2 400 դրամ։
2004-ի կառավարության որոշումից հետո՝ 2005-ին, 76-ամյա Լենա Շագոյանը տարածքը գնել է քաղաքապետարանից՝ 31,7 մլն դրամով, իսկ օտարումից օրեր անց՝ մայիսի 17-ին՝ վաճառել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, այդ ժամանակ պատգամավոր Լևոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանին՝ մի փոքր պակաս գումարով՝ 31,5 մլն դրամով, որն այդ ժամանակ համարժեք էր 70 հազար դոլարի։
Տարածքը գնելուց կարճ ժամանակ անց Վահագն Մկրտչյանը սկսել է առանձնատան կառուցման աշխատանքները։ Արձանագրենք, որ Վահագն Մկրտչյանը գործարար է, նա նաև բաժնեմասեր է ունեցել «Վալեմ» ՍՊԸ-ում ու այլ ընկերությունում։ Ներկայում Մկրտչյանին է պատկանում «Արմենիա վայն» գործարանի բաժնեմասերի 30,4 տոկոսը։
Մանրամասները՝ «ՍիվիլՆեթ»–ում։