Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։

Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այսօրվա հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։
Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։

Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։
Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ նա մոտ երեք հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չի մնացել։
Այժմ Զավեն Գրիիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։
Իհարկե շինարարական պայմանագրերի մասով առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերվում է առողջությանը՝ մինչ այս պահը արել ենք ամեն հնարավոր բան»։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի խոսքերին անդրադարձել էր նաեւ պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով, որ ճիշտ չէ խոսել մի մարդու մասին, ում չի ճանաչում եւ չի այցելել:


