▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ նախկին տնօրենին․ պահանջում է նաև 2 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։

/filemanager/uploads/2020/05/week-3/Arsen_Torosyan_Nune.jpg

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է մայիսի 14-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Թորոսյանի ներկայացուցիչներից Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ 25.04.2020թ.-ին Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում, որտեղ հանդես է գալիս «Նունե Ներսիսյան» անուն-ազգանունով, կատարել է գրառում, որի ներքո տեղադրել է նաեւ երկու լուսանկար, որոնք պատկերում են երկու այլ ֆեյսբուքյան գրառումներից հատվածներ. մեկը՝ medmedia.am կայքի գրառումն է՝ «Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը. ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում» վերնագրով ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարով, իսկ մյուս հատվածը ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ գրառում է, որը գրված է լատիներեն տառերով:

«Նունե Ավանեսյանն իր գրառմամբ դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հետևյալ արտահայտությամբ՝ «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»»,- մեջբերելով Ավանեսյանի գրառումը՝ ասել է Հունանյանը։

Հարցին՝ արդյոք վնասի փոխհատուցման պահանջ ներկայացվե՞լ է, հայցվորի ներկայացուցիչը դրական է պատասխանել.

«Հայցի առարկան է կազմում երկու պահանջ՝ պարտավորեցնել Նունե Ավանեսյանին հրապարակայնորեն հերքել գրառման մեջ պարունակող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ Նունե Ավանեսյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես գրառման մեջ պարունակող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում»։

Նունե Ավանեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցը չի ստացել եւ այդ մասին տեղյակ չէ։ Իսկ արդյոք իր գրառումը նա զրպարտություն համարո՞ւմ է, Նունե Ավանեսյանը նշել է.

«Ինչո՞ւ եմ զրպարտել։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտի, թե Թորոսյանը ինչքան պարգեւավճար է ստանում, դա իրենց կայքում էլ կա, կա նաեւ Սորոսի էջում, թե ինքը ինչ գումարներ է ստացել»։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին