«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում: Նախկին նախարարը «սեւ ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո, երբ բարձրացրել է անճշտությունների հարցը, որից հետո էլ ձայների վերահաշվարկ էր անցկացվել, եւ պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը կեղծիքի արդյունքում անցել էին վարչության կազմ, մինչդեռ իրականում ավելի քիչ ձայն էին ստացել նրանք:
Բողոքարկման արդյունքում հենց պատգամավոր Արսեն Թորոսյանը դարձավ վարչության անդամ, եւ ազատ ընտրությունների մասին մշտապես բարձրաձայնող հեղափոխականների կյանքում մեծ բան փոխվեց. նրանք դարձան ընտրակեղծարարներ:
Հիմա կուսակցության ներսում Արսեն Թորոսյանի դեմ քայլեր են իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Ինչպես հայտնի է, ՔՊ վարչության կեղծված ընտրություններում ակտիվ դերակատարություն է ունեցել պատգամավոր Արփի Դավոյանը, որը նաեւ համակարգում է Արսեն Թորոսյանի նկատմամբ ատելության գեներացիան: Այս օրերին խորհրդարանում մեր թղթակիցը նկատում է, որ Թորոսյանը գրեթե միշտ միայնակ է, նրա հետ շատ քիչ մարդիկ են շփվում, անգամ բարեւում:
Նաեւ դա է պատճառը, որ նա հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել եւ խմբակցության նիստերի, հանդիպումների ժամանակ անգամ ընդդիմադիր ելույթներ է ունենում ու քննադատում իշխանությանը: Մարդ, որը տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը, որպես նախարար՝ չհաջողեց, հիմա ընդդիմություն է խաղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում