ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը դատի է տվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։
Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին։
Նա պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։
Հայցը ներկայացվել է ապրիլի 27-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Խառատյանը կայքի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումն է, որն արվել է ապրիլի 8-ին։
Այդ գրառման մեջ Բագրատյանն անդրադարձել է Արցախի նախագահական ընտրություններին, որտեղ մասնավորապես անդրադառնալով Խառատյանին՝ նշել է. «ՀՀ-ից ժամանած սորոսական էմիսարները, ի դեմս Արսեն Խառատյանի, Մանվել Սարգսյանի և այլոց, օգտագործելով, այսպես կոչված՝ Արցախի հեղափոխական կուսակցության «ակտիվիստներին» (100-200 մարդ), նախագահ Արթուր Օսիպյանին՝ մեկ այլ սորոսական, ընտրությունները հայտարարում են կեղծված, պահանջում են դրանք չեղարկել, նոր ընտրություններ անցկացնել և այլն։ Պահանջում են նաև այս պահին գործող ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը»։
Խառատյանը ՀԺ-ին ասել է, որ բացի հերքումից և ներողությունից, պահանջում են նաև փոխհատուցում, սակայն չի նշել, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը. «Երկու տարբերակ կա՝ չափը կախված է նրանից, թե որ հիմքով վճիռ կկայացվի»։
Դիտեք նաև՝