«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանի անակնկալ հրաժարականի պատճառը «Արտ Լանչը» ընկերության անբարեխիղճ աշխատանքն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հիվանդանոցին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի: Իհարկե, այս դեպքից հետո «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պայմանագիրը խզել է «Արտ Լանչ»-ի հետ, սակայն այդպես էլ ընկերության ղեկավար կազմը պատասխանատվության չի ենթարկվել 5 տասնյակից ավել մարդկանց փաստացի թունավորելու համար։ Փոխարենը կառավարական կուլիսներում «որոշում է կայացվել» «պատժել» ՍԱՏՄ ղեկավարին՝ ազատելով պաշտոնից։ Ավելին «Արտ Լանչը» կշարունակի բարգավաճել, մոնոպոլ դիրքեր գրավել պետական համակարգում, սնունդ մատակարարել ՀՀ ՊՆ զորամասերին։ Ու հիմա արդեն կասկածահարույց է, թե ինչ որակի սնունդ է հասնում զինվորներին։
Իսկ թե ինչու է այսքանից հետո «Արտ Լանչը» շարունակում արտոնյալ մնալ՝որեւէ տույժ չկրելով, դժվար է ասել։ Չի բացառվում, որ այս ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Բակուր Մելքոնյանի, հիմա էլ վայելում է գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորչությունը։ Ինչու ենք այդպես կարծում, որովհետեւ նախկինում էլ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հովանավորյալն էր։
Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, ընկերությունը պետական համակարգում արմատներ գցեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո։
Ինչեւէ, դառնալով Գեորգի Ավետիսյանի հրաժարականին, հավելենք, որ Ավետիսյանի հրաժարականի մասին հայտնի դարձավ ՀՀ վարչապետին հաշվետվություն ներկայացնելուց ժամեր անց։ Եվ լուրեր կան, որ աշխատանքից հեռանալու մյուս պատճառներից մեկն էլ օղու թունավորման դեպքերն են, որից մարդիկ մահացան։ Իսկ թե ինչպես պետք է Ավետիսյանը հսկեր տանը օղի թորողներին, նա չի կարողացել պատկերացնել»: