Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Շուջ 5 ժամ տևած գործադիր նիստի ընթացքում որոշում է ընդունվել Վանեցյանի հեռանալու մասին:
Տեղեկությունը ժողովից հետո հայտնեցին Վանեցյանը եւ գործկոմի անդամները: Նրանք նաեւ տեղեկացրին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու ՀՖՖ անդամների ժողով, որի ընթացքում ընտրվելու է նոր նախագահ ու նոր գործկոմ:
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այլեւս չի առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում։
«Երբ ես ՀՖՖ-ի նախագահ ընտրվեցի, այդ ժամանակ նշեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այդ պաշտոնում, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով, ես ունեմ այլ առաքելություն: Եկեք չքաղաքականացնենք: Մենք այստեղ բացառապես ֆուտբոլային հարցեր ենք քննարկել: Ես եմ իմ նախաձեռնությամբ հրաժարական ներկայացրել: Ինչո՞ւ: Այն վիճակի համար, որը սկսվեց Իտալիայում աննախադեպ պարտությունից հետո, որևէ մեկը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցներ:
Ես առաջիկա ժողովում գործկոմի անդամ չեմ առաջադրվելու, առավելևս՝ ՀՖՖ նախագահ: Այս փուլում ֆոտբոլի հետ որևէ առնչություն չեմ ունենալու: Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է և ճիշտ ուղու վրա»,-ասաց Վանեցյանը:
Մինչեւ ժողովը, մեկ ամիս ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքներով զբաղվելու է գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Գործկոմը եւ Մելքիբեկյանն աշխատելու են ֆեդերացիայի անդամների կազմը ֆիլտրելու, չգործող անդամ կազմակերպություններին որոշելու եւ նրանց հեռացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ Վանեցյանի ու գործկոմի հրաժարականն էին պահանջել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի «Red Eagles» ու ՖԱՖ ֆան-ակումբները: