Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Այս մասին տեղեկություն է տեղադրված նույն կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
«Տնօրենի պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին իրավական հիմքով ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է, որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:
Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ, վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:
Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:
Կոչ ենք անում բոլորին խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։
Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»,- ասված է հայտարարության մեջ:
Միջադեպին արձագանքել է նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»,- ասված է «Ֆեյսբուք»-ում՝ Արսեն Թորոսյանի գրառման մեջ: