▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելացել է ոչ միայն ծխող, այլև այն կանանց թիվը, ովքեր ծխում են հասարակական վայրերում

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացրել է «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն։ Կազմակերպության նախագահ Թամարա Գևորգյանը տեղեկացրեց, որ հանրապետության 5 մարզերում, Երևանում անցկացրել են ծխախոտի վնասակար ազդեցության մասին իրազեկում, վաճառակետերում կատարվել է դիտարկում՝ պարզելու համար արդյոք կիրառվում է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը։ Ըստ ՀԿ նախագահի՝ օրենքի դրույթները վաճառակետերում հիմնականում պահպանվում են, ինչը չի կարելի ասել հասարակական վայրերի մասին։ Մանկական սրճարաններում բացթողումներ չեն գրանցվել։

Բժիշկ-փորձագետ Աննա Մարտիրոսյանը, խոսելով նման արշավների մասին, նշեց, որ դրանք կանխարգելիչ բժշկության մաս են կազմում։ «Սա մի աշխատանքն է, որ տարվում է առողջ մարդու հետ, որպեսզի հետագայում չունենանք հիվանդություններ կամ հիվանդությունների երկրորդային բարդություններ։ Դա շատ կարևոր բժշկություն է, զարգացած երկրներում մեծ ֆինանսավորում է տրվում, մեծ ուշադրություն դարձվում այս հարցին։ Ուրախ եմ , որ ծրագրում ընդգրկվել են ոչ միայն ուսանողներ, այլև աշակերտներ, քանի որ նրանք հասարակության այն շերտն են, որոնց հետ աշխատանքը կունենա պտուղներ։ Մեր փոքր ազգի համար սա նաև ազգային խնդիր է, մենք իրավունք չունենք ունենալու հիվանդ հասարակություն»,- ասաց բժշկուհին։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է հարցում 1600 քաղաքացիների հետ։ Հարցումները ցույց են տվել, որ ՀՀ-ում ծխում է ամեն 3-րդ մարդ։ Ծխում է 37,2 տոկոսը, ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են։ Հանրապետության կանանց 7,4 տոկոսն է ծխում, տղամարդկանց՝ 63,5 տոկոսը։ Վերջին տարիներին ավելացել է ոչ միայն ծխող կանանց թիվը, այլև այն կանանց, ովքեր ծխում են հասարակական վայրերում։ Այսինքն՝ այս հարցում կանայք ավելի համարձակ են դարձել։ Մենք պատկանում ենք այն հասարակությունների թվին, որոնք անընդունելի են համարում կանանց ծխելու փաստը. նման կարծիք ունի հարցվածների 73,9 տոկոսը, ընդ որում, այս թվի մեջ մեծ մաս են կազմում տղամարդիկ։  

Նշենք, որ «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկում» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին