ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:
Ավելի ուշ փաստաբան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմս կհասկանան մասնագետները)։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Մեղադրանքի կողմն անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը, բնականաբար, չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակներն արագ պայթելու են»։


