▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այլ ելք չկա, դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին»․ Արցախի ԱԺ նախագահ

«Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ մի քանի լեզուներով թարգմանած, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որովհետև այլ ելք չկա»,- այսօր, հրավիրած արտահերթ նիստում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ դիմել են նաև Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը, թեկուզ Ազգային Ժողովի մակարդակով։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հակառակորդը կիրառում է ականանետներ։ Արցախն այս պահին զրկված է գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական զինուժը թույլ չի տալիս նորոգել վնասված գազատարը, որը գտնվում է իր վերահսկողության ներքո։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու վերաբերյալ․

«Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։

Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին