▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» բլեֆ է, գիտեն ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Այն ներկայացնում ենք ստորև․

 

«Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին:

Հերթական հոդվածն ուզում եմ նվիրել անգլիական հեղինակավոր պարբերականի` The Economist-ի համապատասխան վերլուծական կենտրոնի` EIU-ի կողմից իրականացված գնահատականներին աշխարհում ժողովրդավարության մասին` Democracy index: Մինչ բուն տվյալներին անդրադառնալը թույլ տվեք հիշեցնել, որ, ըստ մեթոդաբանության, հետազոտողները հինգ խմբերի բաժանված 60 ցուցանիշներով երկրները դասակարգում են 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ և ավտորիտար ռեժիմներ:

Եվ այսպես, ըստ այս հեղինակավոր հետազոտության, Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմով պետությունների շարքին, հակառակ ժողովրդավարության մասին իշխանական մեյմունությունների: Այսինքն` մեր երկրում ընտրություններն անցնում են էական խախտումներով, որոնք թույլ չեն տալիս դրանք ազատ և արդար գնահատել: Օրենքի գերակայությունը թույլ է, իսկ կոռուպցիան լայն տարածման միտում ունի: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը, դատական իշխանությունն անկախ չէ, իսկ լրագրողների վրա ճնշումներ են գործադրվում:

Ահա սա է նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերը:

Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ` նահանջելով 2 դիրքով և զբաղեցնելով ընդամենը 84-րդ տեղը աշխարհում՝ ըստ ժողովրդավարության մակարդակի: Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Բանգլադեշին, Մալավիին, Զամբիային, Սենեգալին, Շրի Լանկային և անգամ Պապուա Նոր Գվինեային…

Վատացել է նաև Հայաստանի գնահատականը` դառնալով 5.42՝ տասից, և նվազելով 0.21 բալով:

Խիստ դիտարժան են նաև զեկույցի տեքստային անդրադարձները Հայաստանին: Արձանագրվել է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը թուլացրել է Հայաստանի ժողովրդավարությունը», իսկ աջակցությունը Փաշինյանին և նրա կառավարությանը ենթարկվել է կատարյալ կոլապսի:

Այս արձանագրումները հատկանշական են 3 լրացուցիչ պատճառներով.

1. Լեռնային Ղարաբաղի գոյությունը վնաս չէր Հայաստանի ժողովրդավարությանը` ի հեճուկս նիկոլական քարոզիչների բամբասանքների

2. Լեռնային Ղարաբաղի կորստի պրոբլեմների տակից Փաշինյանի կառավարությունը ոչ թե «պատվով» է դուրս եկել, ինչպես նա սիրում է գլուխ գովել, այլ կառավարության գործունեության ձախողմամբ` 5.71 բալից նվազելով 4.64-ի:

3. Կատարյալ կոլապսի արդյունքում Փաշինյանը և իր կառավարությունը լեգիտիմ լինել չեն կարող:

Թեպետ այս տարվա Democracy index-ը վաղուց է հրապարակվել, իմ վկայակոչած փաստերի մասին իշխանական մեդիա-կայսրությունը համառորեն լռում է, թեպետ անցյալ տարի, երբ Հայաստանին տրված գնահատականներն ավելի պոզիտիվ էին, այդ մասին փաշինյանական տեղեկատվական գործիքները բարձրաձայնում էին ամեն մի թեյնիկից և արդուկից: Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մեջբերում The Economist-ի գնահատականները, օրինակ` Բայդենի կազմակերպած «ժողովրդավարությունների գագաթնաժողովին»:

Ամփոփելով հերթական միջազգային զեկույցի տվյալները, կրկին հանգում ենք նույն եզրակացություններին, ինչ FREEDOM HOUSE-ի զեկույցի դեպքում: Որքան էլ արևմտյան քաղաքական շրջանակները գուրգուրեն Նիկոլի նոսրացող վարսերն իր գեոպոլիտիկ խաղերի համար, նրանք լավ գիտեն նիկոլական ռեժիմի իրական դեմքը, և հարկ եղած դեպքում կօգտագործեն նրա մասին եղած ողջ ինֆորմացիան՝ ոչ միայն հաստափոր զեկույցներում, այլև՝ կոնկրետ գործողություններում:

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է` գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները: Անպատասխան է մնում ընդամենը մեկ հարց. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.03.2024

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին