Այս իշխանությունները նախորդներից տարբերվում են հոգեւորականության նկատմամբ իրենց կեցվածքով, արտահայտություններով:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Դիտարկմանը, որ իշխանությունների փաստարկն այն է, որ հոգեւորականները քաղաքականությամբ են զբաղվում եւ իրենց պետք է պատասխանել քաղաքական բառապաշարով, Աջապահյանն արձագանքեց. «Ղալաթ են անում, քաղաքական բառապաշարով չէ, որ իրենք մեզ պատասխանում են, իրենք մեզ վիրավորում են՝ ասելով մեր քաղաքացիական անունը, որը մենք չենք մոռացել: Իմ կենսագրությունը բավական մեծ է, որ վերջերս ծնված ինչ-որ մեկը ինձ հիշի այն անունով, որով ինձ հետ երբեք չի առնչվել եւ չէր էլ կարող առնչվել:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Կաթողիկոսը հավատացյալների ծառան է, նա սուրբ չէ, թագավոր չէ, Միքայել Սրբազանն ասաց. «Ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե ինչով է սնվում այդ երիտասարդը, որ այդքան «խելացի» է: «Վեհափառը ժողովրդի ծառան է» ասելը երկու հասկացողություն ունի: Մենք ժողովրդի ծառան ենք, ծառայում ենք ժողովրդին, բայց որոշակի իմաստով մենք ծառան չենք ժողովրդի: Աստված ծառայում է մեզ, ապահովում է ամեն ինչով, բայց Աստված մարդկության ծառան չէ: Ծառայելը ծառա լինել չի նշանակում: Այո, մենք ծառայում ենք հայ ժողովրդին, բայց մենք հայ ժողովրդի ծառաները չենք, առավելեւս ստրուկները չենք:
Այո, մենք ծառայում ենք Հայաստանին ու հայ ժողովրդին, ուրիշին չենք ծառայում, ի տարբերություն իրենց, որ ծառայում են Ադրբեջանին ու Թուրքիային:
Գլուխը պատով կտա նա, ով մեզ կուզենա ծառայեցնել: Մենք ծառայում ենք կամավորապես, բայց դեռ չի ծնվել մեկը հայ իրականության մեջ, որ մեզ ծառայեցնի իրեն: Առավելեւս այս կիսագրագետների ծառան չենք դառնում եւ չենք դառնալու»: