▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պրոցեսը բավականին քաղաքականացված է. Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնելու մասին

Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարական պրոցեսին, նշեց, որ այն չափազանց գրգռված եւ քաղաքականացված է։

Իսկ հարցին՝ ինչո՞ւ է նա անձնական երաշխավորություն ներկայացրել՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, Կարապետյանը պատասխանեց.

«Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, եւ տրամաբանությունը պարզ է։ Ինչպես շատերը, այնպես էլ ես շահագրգռված եմ, որպեսզի «Մարտի 1-ի» հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, եւ այն համապատասխան նստվածք չթողնի։ Ես հարգում եւ գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը եւ ավանդը՝ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունացման գործընթացում։ Գրեթե 2 տարի է՝ այս դատական պրոցեսը շարունակվում է, եւ հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է այն տեւել, այդ պատճառով էլ միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»։

Հարցին՝ արդյոք ըստ իրեն` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվո՞ւմ է քաղաքական հետպանդում, Կարեն Կարապետյանը ասաց.

«Ինձ թվում է, որ այս պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է։ Թե ինչպես կգնահատեն իմ քայլը, ես հիմա հիմնավորել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի։ Որեւիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ասում ենք՝ պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին