▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ. Ռոբերտ Քոչարյան

 

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարեւորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

Նախագահ Քոչարյանը նաեւ հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի արցախցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց եւ հերոսաբար զենքով պաշտպանեց այն:

Ջերմությամբ եւ հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու եւ պայքարելու հանուն հաղթանակի եւ անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը եւս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, որոնք իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաեւ սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որեւէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որեւէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջեւ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին