kinoashkharh.am-ի հետ զրույցում խոսելով Սերգեյ Փարաջանովի մասին` «Հայֆիլմ» կինոստուդիայի երկարամյա հնչյունային ռեժիսոր Իրեն Օրդուխանյանը նշել է, որ փարաջանովյան մասունքներ ունի` նամակներ, կոլաժներ, լուսանկարներ: Դրանք մեծ մասամբ կապված են ամուսնու` անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի հետ, որի հետ մտերիմ է եղել Սերգեյ Փարաջանովը: Ապա բազում հուշերից առանձնացրել է մի նամակ` ամենավերջինը, որ Փարաջանովն ուղարկել էր Ֆրունզե Դովլաթյանին:
«Գիտեմ, որ նամակս կտխրեցնի քեզ, Ֆրունզիկ, թանկագին ընկեր ու եղբայր: Ես քեզ հետ կլինեմ մինչև վերջ անկեղծ և ուղիղ: Ցեղասպանության ժամանակ Սարյանը ծաղիկներ էր նկարում ու սարեր. հենց դա էր Սարյանի մեծությունը: Կեղծ խաղերի ու բարիկադների ժամանակ ես էկրանավորեցի Լերմոնտովին ու ինքս ինձ դափնեպսակ շնորհեցի: Ես հաղթեցի պարզունակ որոշումներին: Ժամանակն ամեն ինչ հետո ցույց կտա: Ֆիլմից հեռացավ Տիգրան Մանսուրյանը, կհեռանա նաև Ալիկը: Ֆրունզ, թանկագինս, ես չեմ կարող ու չեմ ուզում «Խոստովանությունը» նկարել Երևանում: Հայաստանում ես բոլորին ազատեցի իմ ներկայությունից, կթեթևացնեմ ու կուրախացնեմ նրանց: «Խոստովանությունը» Թբիլիսիում կնկարեմ: Վրացիներն ինձ բնակարան տվեցին ու կոչում շնորհեցին: Այսօր Հայաստանին պետք չես դու, պետք չեմ ես, պետք չեն Փելեշյանը, Բալայանը: Նրանց պետք է գորշ ամեոբա: Ֆրունզ, ես քեզ շատ եմ սիրում ու ես քեզ սպանում եմ: Ժամանակներն են այդպիսին, ներիր»,-ասված է եղել նամակում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում