▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր կիսաընդդիմությունը պայքարում է կիսաիշխանության դեմ. ծիծաղելի է, որովհետև իրարից չեն տարբերվում․ Նարեկ Մալյան

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը գրում է. «Կիսատության զգացում

Ես ատում եմ կիսատությունը: Բնավորությամբ մաքսիմալիստ եմ՝ ամեն ինչ կամ ոչինչ: The winner takes it all: Կիսատ հաղթանակ չի լինում: Կիսատ հաղթանակը երևի հորինել են լիբերալ ֆաշիստները, որպեսզի վերջում բոլորը գոհ մնան: «Կարևորը հաղթանակը չէ, այլ՝ մասնակցությունը»: Ապուշ կարգախոս է: Ո’չ, գրողը տանի, հաղթանակն այս կյանքում ամենակարևոր բանն է: Կիսատ հաղթանակը պարաօլիմպիկ խաղերի պես բան է՝ մեդալների մեջ թեկուզ թաքուն, բայց խղճահարություն կա: Իսկական հաղթողին խղճահարություն պետք չէ: Իսկական հաղթողը կվիրավորվի խղճահարությունից: 

Սիրում եմ կոշտ պայքար:

Մեր բոլոր խնդիրների հիմքում կիսատությունն է՝ 2018-ի կիսատ «հեղափոխությունը», որից հետո իշխանությունն այդպես էլ չդարձավ լիարժեք իշխանություն, իսկ ընդդիմությունը՝ լիարժեք ընդդիմություն:

Այսօր կիսաընդդիմությունը պայքարում է կիսաիշխանության դեմ: Ծիծաղելի է, որովհետև իրարից չեն տարբերվում, հատկապես՝ կիսատությամբ:

ԱԺ-ում կիսակռիվների արդյունքում՝ արտասահմանյան լիարժեք վոյաժներ:

Կիսաընկերություն ու կիսասեր, կիսատ պայքարի արդյունքում՝ կիսատված հայրենիք: Ամեն ինչի կիսափորձագետը բարեփոխում է կիսաոստիկանությունը և գրում է նոր կիսասահմանադրությունը, որով խաչը փոխարինվելու է կիսալուսնով, կիսաոստիկանը բռնում է կիսահանցագործին, կիսագրագետ դատախազի ընկերուհի մարդու իրավունքների կիսապաշտպանը կիսաքնած է ձևանում…

Կիսաընկերներն այս ընթացքում վերածվում են կիսաթշնամիների, կիսահայրենասերները փորձում են էս իրավիճակից օգուտով դուրս գալ:

Հասարակությունը կիսահիասթափված է և կիսավրդովված:

Կիսատությունը կործանում է, քամում ու մաշեցնում է: Ավելի լավ է՝ չլինի, քան թե լինի կիսատ: Մեռնելը կիսապրելուց ավելի լավ է: Ավելի լավ է լիարժեք լինել բանտում, քան կիսաազատության մեջ:

«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Նարեկ Մալյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին