Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ:
Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը): Անհրաժեշտ է նշել, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։
Կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 11:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:


