«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է, որ զրուցել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ։
Հարցազրույցը՝ ստորև․
-Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բոլոր թեմերի առաջնորդները անվերապահ աջակցություն են հայտնում սրբազանի՝ հայրենիքի համար մղվող պայքարին։ Հանրությունը սպասում է, որ նաեւ Դուք Ձեր հրապարակային կարծիքը հայտնեք։
-Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ։
-Որը, ասում են` բացասական է եղել, հոգեւոր ժողովի ժամանակ Դուք բացասական կարծիք եք հայտնել։
-Բացասականի խնդիր չի։ Իմ տեսակետը հետեւյալն է՝ ցանկացած հոգեւորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։ Դրանից ավել ասելիք չունեմ։
-Սրբազան, Ձեր հոգեւոր եղբայրերն են Ձեզ մեղադրում՝ այս շարժման մասին բացասական տեսակետ հայտնելու համար։
-Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել։ Ես ասացի, որ դրա մասին չի խոսքը։ Ես միշտ եղել եմ եւ կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, եւ ինձ առաջնորդողը Ավետարանն է։
-Բացի Ձեզնից ովքե՞ր են դեմ եղել այս շարժմանը։
-Դա իմ գործը չի։ Ոչ թե դեմ են եղել, ուղղակի եկեղեցու հեղինակության խնդիր է եղել։ Հարց է առաջացել՝ եթե այսպես գնանք այդ ուղղությամբ հնարավո՞ր է մենք եկեղեցու հեղինակությանը կպնենք։ Եղել են մարդիկ, որ ասել են՝ այո, կարող է ցածրացնի եկեղեցու հեղինակությունը։
-Ձեզ կաշկանդող հանգամանքներ կա՞ն, որ նման մոտեցում ունեք։
-Ինձ կաշկանդող ոչ մի հանգամանք չկա։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել եմ եկեղեցու ծառա, մնում եմ եկեղեցու ծառա։ Եկեղեցու հեղինակությունն ինձ համար ամեն ինչից վեր է։
-Դարեր շարունակ եկեղեցին եղել է պետության հենասյունը։
-Դուք հիմա ինձ դա՞ս եք տալիս։ Մտեք Կոտայքի թեմի սոցիալական էջը, տեսեք հոգեւորականի առաքելությունը՝ սնանկի, կարիքավորի կողքը լինելն է։ Ես իմ ուժերի գերագույն լարումով դա անում եմ։ Իմ խնդիրն է իմ թեմին, հոտին, հավատացյալներին փոխանցել Աստծո խոսքը։
-Բագրատ Սրբազանն էլ է օգնում իր հոտին։
-Լավ, ես արդեն ասացի։
-Պետության մասին մտածու՞մ եք Սրբազան, երկրի այսօրվա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Պետությունը կորոնավիրուսի, պատերազմի եւ ողբերգության մեջ է եղել։ Չեմ ուզում, որ մեր ազգային ողբերգությունը, այդ ցավը դարձնեն այնպիսի մի բան, որ դրանից շահառուներ լինեն։ Այդքան բան։
-Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում։
-Ես չեմ գնահատողը։
-Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը եւ իր ՔՊ-ական թիմակիցները եկեղեցական տոներին չեն մասնակցել, արհամարհել են եկեղեցուն, երկրի բարձրագույն իշխանությունը չի մասնակցել եկեղեցական ոչ մի արարողության։
-Դա Մայր Աթոռին հարցրեք։
-Մայր Աթոռն է պատճառը, որ չեն մասնակցո՞ւմ։
-Ես այդպիսի բան ասացի՞։ Ես չգիտեմ, թե պետություն եւ եկեղեցի հարաբերությունները ինչով են պայմանավորված, դրա համար ինձ հարցնում եք, որ ես ի՞նչ անեմ։ Ուրիշ տեղ եք գնում։
-Նիկոլ Փաշինյանի մասին ոչինչ չեք ուզում խոսե՞լ։
-Ես արդեն ասացի՝ ոչ մի իշխանության ժամանակ ես իշխանության բան չեմ արել, քանի որ իմ առաքելությունը եղել է Աստծուն եւ եկեղեցուն ծառայությունը։