▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցային սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակն է, որը ենթադրում է ԼՂ որոշ շրջանների հանձնում. Լավրով

Ներկայումս բանակցային սեղանին մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։ Այս մասին ապրիլի քսանմեկին, Գորչակովի հիմնադրամի կազմակերպած օնլայն կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՄԱԿ ԱԽ կողմից Ղարաբաղյան հակամարտության մասին ընդունված բանաձեւերին։ «Բանաձեւերը, որոնք ընդունել ենք, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են ռազմական գործողությունների ամենաթեժ շրջանում, եւ ենթադրում են նախ եւ առաջ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում եւ անցում բանակցությունների։ Դրանցում այո, հաստատվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրանցում նաեւ պարունակվում է կոչ դադարեցնել պատերազմը եւ անցնել բանակցությունների։ Դրանից հետո բանակցությունները մեկ անգամ չէ, որ ընթացել են։ Եղել են բանակցություններ Քի-Վեսթում 2001 թվականին, եղել են նաեւ հետագայում տարբեր պայմանավորվածություններ տարբեր ֆորմատներով, որոնք ձեռք են բերվել Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ առկա է Բաքու-Երեւան, համանախագահներ եւ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ բանակցությունների ձեւաչափը»,- ընդգծել է Լավրովը, ավելացնելով, որ դա օգտակար ֆորմատ է, որով կարելի է կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցությունների։

Լավրովը նաեւ հիշեցրել է, որ կան Մադրիդյան պամանավորվածությունները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ռուսական կողմի կողմից 2010-11 թվականներին, որոնք կոչվում են այսպես կոչված Կազանյան սկզբունքներ եւ կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում՝ Ռուսաստանի,Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, մասնակցությամբ համանախագահների, տրվել են եւ հիմա ակտիվորեն քննարկվում են։ «Այդ փաստաթղթերը ենթադրում ենք առաջընթաց դեպի կարգավորումը՝ փուլային տարբերակով։ Սա ենթադրում է առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում՝ ԼՂ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցության ապաշրջափակում։ Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք կգանք որոշման՝ ստորագրել այդ փաստաթղթերը, դա կլինի կարեւոր քայլ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կյանքի կոչման համար, որոնք պահանջում են կրակի դադարեցում եւ անցում բանակցություններին, ինչին փորձում ենք հասնել մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ»,- ասել է Լավրովը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին