▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեփոխումների մեծ օրակարգում ԵՄ-ն մեր կարևորագույն գործընկերներից է. Փաշինյանը՝ լիտվացի հյուրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ հարաբերությունները, և վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ-լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին: «Հայաստանի համար Լիտվան կարևոր գործընկեր է, ում հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, և այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարևորագույն գործընկերներից է: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը և փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո: Միևնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ», - ասել է Հայաստանի վարչապետը: Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, և հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաև Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը:

Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ոլորտում», - ասել է Լիտվայի Սեյմասի խոսնակը: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիտվան նաև կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Հայաստանի վարչապետը և Լիտվայի Սեյմասի խոսնակը համակարծիք են եղել, որ միջկառավարական և միջխորհրդարանական դինամիկ երկխոսությունը լավ հենք է երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման համար: Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության զարգացման և ամրապնդման հարցի շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի և հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է, արժեքային համակարգ, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում, և ներկայում մեր երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարությունն ուժեղացնելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այդ գործընթացում աջակցելու պատրաստակամության համար:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին