▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավ է մեկնել Սպարապետին, ժամն է ազգովի դառնալ Սպարապետ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր ոսկեսերունդ 15 զինվորի համբարձման քառասունքը հազիվ լրացած՝ ռազմական հանցագործ թշնամին՝ ոգևորված իրեն հլու-հնազանդ ծառայող երևանյան իշխանության արտաքին ոչնչությամբ ու ներքին անպատկառությամբ, վերադարձել է հայ մարդու դեմ պժգալի ահաբեկչության իր ավանդական զինամիջոցին։

 Արցախցի երեք ոստիկանի և դրանով իսկ մեր պետականության դեմ Ադրբեջան-Թուրքիա զույգի հերթական դարանակալ գրոհը վերջապես ահազանգում է իշխանակարգի և իր սողացող-լողացող «քաղաքականության» կատարյալ անզորությունը՝ մեր պետական ու ազգային կենսական շահերը ներկայացնել թե՛ ոսոխի հանդեպ, թե՛աշխարհում՝ ընդհանրապես։

 Տակավին գործող գերագույն մահաբերով և իր ակունքամոռ չքմեղացողներով ի՞նչ խաղաղություն, ի՞նչ ինքնիշխանություն կամ ամբողջականություն, ՄԱԿ կամ միջազգային դատարանի վճռի կիրարկում, ի՞նչ դիվանագիտություն, որ անունից բացի հպում անգամ չունի Հայաստանի և նրա որևէ իրավունքի հետ։

 Սպարապետից հեռու մնացեք՝ բավ է նրան աջուձախ տեսաբանել, հարկ է փորձել զինվորագրվել նրա պատգամին, դառնալ քաղաքացի, ապաև ազգովի՝ Սպարապետ։ Նորեն խոսենք՝ իմաստավոր, խորաթափանց, գործնականորեն։

 Էափոխենք ինքներս մեզ, մեր ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը, իշխանավիճակը, մի խոսքով՝ փրկուղին։

 Այլապես թշնամին է շարունակելու դա անել, ընդսմին՝ դաժանաբար, անդադրում, բռնադատչորեն, մինչև վերջ, մինչև Ստեփանակերտ, հետո արդեն՝ Երևան։

 Սա է ժառանգությունը կամ դատաստանը մեր՝ Հայաստա՞ն, թե՞ Փաշինյան. ընտրությունը մերն է՝ բոլորինս։

 Լինե՞լ, թե՞ չլինել։

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

6 մարտի 2023,Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին