Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն նշել է, որ դեռևս իր՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակահատվածում տեղեկություններ էին ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր պատերազմում։
Այս մասին Արթուր Վանեցյանն ասել է «Ազատություն» ռ/կ-ի եթերում:
Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանը փոխարենը հարցին լուծում տար, պոպուլիզմով էր զբաղվում։
«Երբ Ն․ Փաշինյանը ստանձնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, նա պետք է քաջ գիտակցեր, որ ՀՀ-ում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն արցախյան հակամարտության հարցն է։ Այդ հարցի լուծումը պետք է տրվեր։ Ընթացքում ես անձամբ շատ անգամներ նրան ասել եմ՝ եթե չկան բանակցություններ, եթե չկա կոնկրետ աշխատանք արցախյան հակամարտության հարցի վերաբերյալ, դրա այլընտրանքը լինելու է պատերազմը, և մենք պատրաստ չենք այսօր պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որովհետև մենք տեղեկություններ էինք ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր սկսվող պատերազմի մեջ։ Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ ներքին լսարանի համար, նա խոսում էր տարբեր բաներ՝ պոպուլիստական հայտարարություններ էր անում, ամենակարևոր հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Ես բանակցությունները սկսում եմ իմ կետից՝ զրոյական կետից», «Ես որևէ զիջման չեմ գնալու» և այդպես շարունակ»,- թվել է Վանեցյանը։