Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բժիշկների բարեգործությո՞ւն, թե՞ ընտրակաշառք-ծառայություն Նախկինում՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք ընտրություններից առաջ կազմակերպվում էին Երևանից Տավուշի մարզ բժիշկների այցեր։ Բարեգործական կոչվող այդ այցերը իրականում բժշկական օգնության ձևով ընտրակաշառք էին ընտրողներին, որպեսզի նրանք ձայն տային իշխող քաղաքական ուժին։ Այդ ավանդույթը հիմա շարունակվում է։ Սեպտեմբերի 25-ին տեղի կունենան Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, և ոչ պատահական կերպով մայրաքաղաքից Բերդ բժիշկների այցը կայանալու է այդ ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Տավուշի մարզպետերանի ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 10-11-ը կազմակերպելու է բարեգործական բուժայց Բերդի բժշկական կենտրոն, որտեղ մի շարք մասնագետների կողմից կիրականացվեն խորհրդատվություն, բուժզննում, բուժման նշանակում, անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի ապահովում, հետագայում նաև՝ վիրահատությունների կազմակերպում «Շենգավիթ» ԲԿ-ում։ Այդ բուժայցին կմասնակցեն անոթային վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, նյարդաբան, դուպլեքս մասնագետ, ճառագայթաբան, էնդոկրինոլոգ, մաշկաբան, ուրոլոգ։ Բուժայցի շրջանակներում ակնաբուժական շարժական կլինիկայում իրականացվելու են մասնագիտական ակնաբուժական խորհրդատվություններ, հետազոտություններ և ամբուլատոր վիրահատություններ, իրականացվելու են նաև դուպլեքս, սոնոգրաֆիկ հետազոտություններ՝ ԲԿ-ի կողմից տրամադրված շարժական սոնոգրաֆիկ սարքավորումով։ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինության կողմից Բերդի ԲԿ-ին տրամադրվելու են անհրաժեշտ դեղորայք և բուժպարագաներ։ Բերդի ԲԿ-ն ակտիվ կերպով ներգրավված է սեպտեմբերի 25-ի ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործընթացում, այդ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Զվարդ Ծատուրյանը, ով Բերդի ԲԿ-ի տնօրեն Արմեն Մարդանյանի զոքանչն է, սեպտեմբերի 25-ի ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակում է։ ՔՊ ավագանիների ցուցակում են նաև «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր Թամար Ոսկանյանը, «Ներքին Կարմիրաղբյուրի առողջության պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Մելինե Խաչատրյանը»: |