Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այսօր «ամոթանքի ակցիա» էր նախաձեռնել ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց: Նրանք ապահանջում էին, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն իջնի և լսի իրենց։ Նրանց մոտեցավ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով փորձում էր համոզել, որ կուտակային կենսաթոշակների մասին իրենց դիրքորոշումները սուբյեկտիվ են, սակայն ցույցի մասնակիցները պահանջում էին, որպեսզի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գա և բացատրություններ տա:
Արդյունքում տեղի ունեցավ բախում, հրմշտոց և մի քանի ցուցարար հայտնվեց ոստիկանական բաժանմունքում:
Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնության բոլոր անդամներին ազատ արձակեցին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից։
«Դեմ եմ»-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց ակցիան՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ հակաօրինական չէ, ինչպես պնդում են իրավապահները:
Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել:
Ֆինանսների նախարարության` քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հրաժարվել են ֆինանսների նախարարության երկխոսելու առաջարկից:
«Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»,-ասված է հաղորդագրության մեջ: