Ինչպես արդեն տեղեկացրել ենք` շրջանառության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին:
Ֆեյսբուքում չեն դադարում քննարկումները, որոնք, հիմականում, քննադատություն են պարունակում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ:
Գարիկ Պետրոսյանն, այս առիթով, մասնավորապես, գրել է. «Այսօր ազգի համար ամենաօրհասական խնդիրը լուծվում է ֆեյք խորհրդարանի կողմից. ուղղակի այս խելոքները չեն հասկանում, որ անկախ ֆեյքերն ու լուրջ կայքերը մի քանի ակնթարթում օրինական հակահարված կտան մեր մտքի գիգանտներին:
Բիոզուգարանասեր ազգընտիրները փորձում են մեկ անգամ ևս խեղդել ազատ արտահայտվողների ձայնը.Մի փոքրիկ նկատառում`գուցե ոչ բոլորը, բայց լուրջ օգտատերերը հասկանում են, թե որ ֆեյքն է իրական, որը` ներդրված: Իմիջիայլոց, եթե վաղը լուրջ ֆեյքերը անվանափոխվեն որպես բելգիացի Ասատուր Ասատուրյանի, կամ գերմանացի Պեշիկթաշ Պեշիկթաշիլյանի ու տեղում դառնան բոլոր կայքերի խմբագիրների ամենամանկության ընկերները, ինչ եք անելու: Բյուջեից մի 200000000 գումար եք հատկացնելու, որ գնաք ԵՎրոպա ու դատի տաք Պեշիկթաշիլին, երբ նա նյութ գրի ասենք ձեզանից մեկի մորաքրոջ թումբանների մասին:
Չստացված օրենքների հեղինակներ` արգելեք հայհոյախառն քոմենթները, անձնական վիրավորանք պարունակող օրենքները, բայց մի սպանեք ազատ արտահայտվողների իրավունքները»:
Հիշեցնենք, որ օրենքի համահեղինակները վստահեցրել են, որ ամենևին չեն ցանկանում սահմանափակել լրագրողների խոսքի ազատությունը: