«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ հատկապես Էրեբունի համայնքի որոշ հասցեների բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ ջրի որակը կտրուկ վատացել է: Բնակիչները մեզ հետ զրույցում նշել են, որ անգամ գարշահոտություն են զգացել խմելու ջրից:
Այս օրերին բնակիչները խուսափում են ծորակից ջուր օգտագործել, ու շատերը նախընտրում են ջուր գնել: Խնդրի առնչությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ համակարգում մատակարարվող ջուրը ստացվում է մեծամասամբ փակ լեռնային, իսկ որոշ մասը՝ բաց մակերևութային ջրերից (գետերից) կամ արտեզյան ավազանների խորքային հորերից: Ասաց նաև, որ թեպետ վերջիններիս ջրի որակն իր որոշ հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, բայց միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: «Այլ բան է, որ շոգերին, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, դրա մեջ տարալուծված հանքային նյութերի համը ավելի սուր է զգացվում՝ շփոթության մեջ գցելով սպառողներին և առաջացնելով նրանց դժգոհությունը:
Հարկ է նշել նաև, որ մակերևութային գետերի ջրերը սպառողներին մատակարարվելուց առաջ նախնական մշակում են անցնում ջրի մաքրման կայաններում, իսկ խորքային հորերի դեպքում խոսքը ջրի որոշակի կոշտության մասին է, որը չի գերազանցում սահմանված մակարդակը: Այնուամենայնիվ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փորձում է տեխնիկական լուծումների միջոցով սպառողներին առավելագույնս ապահովել լեռնային աղբյուրների ջրով:
Մասնավորապես, կատարված աշխատանքների արդյունքում, Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակավայրերը ներկայումս տարվա մեջ շուրջ 8-9 ամիս ստանում են լեռնային աղբյուրների՝ Արզականի, Գառնիի ջուր։ Եվ միայն 3-4 ամիս, պայմանավորված շոգ եղանակներին ջրապահանջի ծավալների աճով, ջրամատակարարումն այստեղ իրականացվում է արտեզյան խորքային հորերից: Նույն՝ ամռանը ջրի սպառման ավելացմամբ պայմանավորված, որոշակի քանակի խորքային հորերի ջուր է տրվում նաև Երևանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առանձին հատվածների:
Գաղտնիք չէ, որ ամռանը ջրի զգալի մասին նույն սպառողների կողմից ուղղվում է ոռոգմանը, ինչը ստիպում է անցնել խորքային հորերի ջրերին»,-նշեցին ընկերությունից՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներում ջրի որակի մասով սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին չհամապատասխանող շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
Ճշտող հարցին՝ ի վերջո, մինչև ե՞րբ են բնակիչները ստիպված լինելու այսպիսի ջուրն օգտագործել, Մուրադ Սարգսյանը հստակեցրեց, որ վերոնշյալ 3-4 ամսվա մասին է խոսքը, այսինքն, մինչև մոտ սեպտեմբերի կես. «Իրականում էներգիա է ծախսվում խորքային պոմպերն աշխատեցնելու վրա: Առաջինը հենց մենք ենք ուզում, որ նման բան չլինի, որ այդ գումարը ոչ թե էներգետիկներին տանք, այլ դրանով ջրագծեր վերանորոգենք: Հավատացեք՝ սա ճարահատյալ քայլ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում